Փաստաբան Երեմ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազին էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
«Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈւ գլխավոր շտաբի պետի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի և նրանց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության, ՀԱՅ զինվորի և ՀԱՅ ժողովրդի նկատմամբ մի շարք հանցագործություններ կատարելու ակնհայտ հատկանիշների վկայակոչմամբ։
Ակնհայտ է, որ այս հանցագործությունները նաև ավելի բարձր պաշտոնյաներ են կատարում, սակայն նրանց հնարավոր կլինի հասնել այս անձանց միջոցով։ Էլ հնարավոր չէ դիմանալ այս «պետական» քաոսին, ստին, կեղծիքին և ինչ-որ անհայտ ծագում ունեցող շնչավոր էակների կողմից մեզ անուղեղ զանգվածի տեղ դնող հայտարարություններին։
Մեր Հայրենիքը և ՀԱՅ ժողովուրդը ծայրահեղ վատ դրության և վտանգի մեջ է, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Սակայն վերջին ժամանակների իրադարձություններն ակնհայտորեն վկայում են, որ գործող իշխանությունները զբաղված են ոչ թե այդ վտանգը չեզոքացնելով, այլև՝ անձնական կամ խմբային շահերից ելնելով հանրությանը մոլորեցնելով, ակնհայտ իրական փաստերը հերքելով, սուտը տարածելով, որից հետո ստիպված ընդունում են իրականությունը, սակայն այդ հերքումների, ստերի և, ամենակարևորը, թշնամու կողմից ՀՀ տարածք անարգել ներխուժելու, ՀՀ տարածքը գրավելու, ՀԱՅ զինվորի և գյուղացու նկատմամբ բռնություն գործադրելու, սպառնալիքներ տալու և ՀՀ ինքնիշխանությունը ոտատակ տալու համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում և դրանք կանխելուն ուղղված որևէ գործողություն չի կատարվում»,-մասնավորապես նշել է նա՝ կից ներկայացնելով հաղորդման տեքստը։