ՄԻՊ-ի Հանրային կապերի բաժինը հայտարարություն է տարածել՝ կապված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, ըստ որի՝ հնարավոր է նոր փաստաթուղթ ստորագրվի։ Նա նշել է, որ փաստաթուղթը բխում է ՀՀ շահերից։ Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ՝ ըստ նրա, նվիրված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացին։ Նա նշել էր, որ Ն․ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը։
Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների:
Սահմանազատումն ինքնին մարդու իրավունքների երաշխիք է, որի սխալ իրականացումը կարող է հանգեցնել իրավունքների նոր խախտումների ու լարվածության: Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից: Այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ: