«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ երեկվա հայտարարությանն ու միջազգային փաստաթուղթն իրավունքի խախտմամբ ուժի մեջ դնելու հետևանքներին:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Լուսավոր Հայաստանի» հեղինակած՝ ԱԺ հայտարարության նախագիծը՝ սահմանազատման վերաբերյալ նոր փաստաթղթի առնչությամբ: «2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 25 կողմ ձայն:
«Չնայած այն հանգամանքին, որ երեկ իշխանությունը մերժեց Ազգային ժողովի հայտարարությունն առ այն, որ վարչապետի պաշտոնակատարն իրավունք չունի միանձնյա որոշել ու ուժի մեջ դնել սահմանազատման հանձնաժողովի ստեղծման, նրան իրավազորություն տրամադրելու հայտարարություն֊պայմանագիրը՝ պետք է փաստել, որ եթե անգամ նման բան տեղի ունենա, ապա այն առ ոչինչ է լինելու ոչ միայն ներպետական օրենսդրության, այլ նաև հենց միջազգային իրավունքի ուժով։
Այսպես, Միջազգային պայմանագրերի իրավունքի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիայի 46֊րդ հոդվածը ՀՍՏԱԿ սահմանում է.
Պետությունը, որպես իր համաձայնության անվավերության հիմք, չի կարող վկայակոչել այն փաստը, որ պայմանագրով կաշկանդված լինելու իր համաձայնությունը տրվել է պայմանագրեր ստորագրելու իրավասության վերաբերյալ իր ներպետական իրավունքի դրույթի խախտմամբ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ, ԵԹԵ ՆՄԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ԲԱՑԱՀԱՅՏ Է ԵՎ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ԻՐ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՅՆՊԻՍԻ ԿԱՆՈՆԻ, ՈՐՆ ՈՒՆԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ》։
Սա նշանակում է, որ անկախ իշխանության տեսակից՝ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ակնհայտ կոպիտ խախտմամբ ուժի մեջ դրված ցանկացած միջազգային փաստաթուղթ անվավեր է հենց ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ։
Սա գիտեն թե՛ մեր գործընկերները, թե՛ մեզ սիրողներն ու ատողները և թե՛ մեր հակառակորդներն ու թշնամիները։ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ակնհայտ կոպիտ խախտմամբ ուժի մեջ դրված ցանկացած միջազգային փաստաթուղթ անվավեր է հենց միջազգային իրավունքի ուժով։
Ուստի կոչ ենք անում մեր բոլոր քաղաքական ուժերին, մասնագետներին ու ազգային շահով առաջնորդվող մյուս անձանց ընդգծել այս կանոնի կարևորությունն ու դրա խախտման հետևանքները»,-գրել է Տ. Սիմոնյանը: