Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«Ս.թ. մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։
Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։ Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։