Երեկ մամուլում տարածվեց տեղեկություն, ըստ որի՝ Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանում հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում։ Հրապարակվել էին նաև լուսանկարներ։
Ավելի ուշ, Առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատներն այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել։
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է վերոնշյալ դեպքից բխող հնարավոր ու անհրաժեշտ իրավական գործընթացներին։
«Բառերը չեն բավականացնում նկարագրվածին որակում տալու համար։ Բայց առնվազն պետք է պարզվի, թե ովքեր են այս անընդունելի վիճակի պատասխանատուները։ Այդ մարդկանց նկատմամբ ամենախիստ կարգապահական պատասխանատվությունը պետք է կիրառվի։ Դա, իհարկե, առնվազն։ Քրեական պատասխանատվության մասին այս պահին կդժվարանամ ասել, բայց կարգապահական պատասխանատվության բոլոր հիմքերը կան։ Եվ, կարծում եմ, արդեն այսօր մենք պետք է տեղեկացված լինեինք, որ նման գործընթաց է նախաձեռնվել է կան արդեն հստակ արդյունքներ։ Բայց հակառակն է, ծածկադմփոց է արվում։ Սա է խնդիրը»,-ասաց իրավապաշտպանը։
Անդրադառնոլվ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի այսօր արված հայտարարությանը, որտեղ նա ներողություն էր խնդրել՝ նշելով, որ կատարվածն իր բացթողումն ու սխալն է՝ Մելիքյանը նշեց․
«Անկեղծ լինեմ՝ կասկածում եմ, որ սա ներկայիս առողջապահության նախարարի պաշտոնակատարի բացթողումն է։ Անձամբ ճանաչելով ու նրան միաժամանակ համարելով կապիտուլյանտական թիմի անդամ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այդուհանդերձ, ես այն կարծիքին եմ, որ նա այլ անձի մեղք է իր վրա վերցնում։ Ես կարծում եմ, որ այդ վիճակը եղել է իր՝ առողջապահության նախարարի պաշտոնին նշանակվելուց առաջ։ Ավելի կոնկրետ՝ նախորդ առողջապահության նախարարի ժամանակ։ Ինձ այս ամենն ավելի շատ հիշեցնում է հենց նախորդ առողջապահության նախարարի և ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավարի ձեռագիրը»։
Անդրադառնալով նշվածի բարոյական կողմին՝ իրավապաշտպանը հավելեց․
«Մենք աննորմալ պայմաններում ենք ապրում։ Նման բան որևէ մեկիս մտքով չէր կարող անցնել անգամ մեկ տարի առաջ։ Սա այն բանի շարունակությունն է, որ բոլորիս մեղքով այսօր իշխանության ղեկին դեռ այս կապիտուլյանտների խմբակն է»։
Հիշեցնենք նաև, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դիերի և մասունքների պահման պայմանների խնդրի առնչությամբ։