Այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վճիռ կայացրեց։
«Դատարանը վճռեց Հայկ Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 120-րդ հոդվածի առաջին մասով, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը վերացնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով»,-հայտարարեց Դանիբեկյանը։ Նրա խոսքով ՀՀ օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով (զենք–զինամթերք ձեռք բերելը եւ պահելը) նախատեսված հանցանքի կատարման մեջ նրա մասնակցությունն ապացուցված չի համարվել։
Հայկ Սարգսյանի նկատամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը ևս վերացվեց։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ Դատարանը 2018 թվականին սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել նրա նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։
Հավելենք, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին քրեական գործում ներգրավվել է 11 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ 2007 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ապա ոստիկանություն էր ներկայացել Ա. Ղևոնդյանը, հանձնել էր մի ատրճանակ և հայտնել, որ այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է ընկերոջ՝ Դավիթ Սիմոնյանի վրա:
Ավելի ուշ՝ 2018թ․ հուլիսի 3-ին, ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված, գլխավոր դատախազը հանձնարարել է վերսկսել գործի նախաքննությունը։ Արդյունքում պարզվել է, որ Դավիթ Սիմոնյանը 11 տարի առաջ հրազենային վնասվածքը ստացել է ոչ թե Ա․ Ղևոնդյանի, այլ Հայկ Սարգսյանի արձակած կրակոցի հետևանքով։ Իսկ դեպքը տեղի էր ունեցել երրորդ նախագահի եղբորորդու բնակության վայրում՝ Թումանյան 11 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկում։