ՄԻՊ-ը մանրամասն արձագանքել է Հանրային հեռարձակողի խորհրդի հունիսի 2-ի հայտարարությանը՝ կապված «Լուրեր» թողարկմամբ «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ հեռարձակված ռեպորտաժի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային դիրքորոշման հետ։
«Հանրային հեռարձակողի խորհրդի արդեն երեկվա՝ հունիսի 2-ի հայտարարությունը, որը վերաբերում է Հանրային հեռուստաընկերության 2021թ. մայիսի 30-ի «Լուրեր» թողարկմամբ այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ եթեր հեռարձակված ռեպորտաժին, առավել ամրապնդում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ու շահերի լրջագույն խախտումների ու նրանց անվտանգության վտանգները:
Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարությունն էլ բխում է ՀՀ բնակչության և առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքների ու շահերի (կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու ազատ տեղաշարժի և այլ իրավունքներ) պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Բայց Հանրային հեռարձակողի խորհրդի՝ որպես պետական հաստատության խիստ մտահոգիչ հայտարարությունը միանգամայն փոխում է կանխավարկածն այն ուղղությամբ, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման վտանգավոր շեշտադրումներով նշված ռեպորտաժն իրականում հատուկ ծրագրային քաղաքականություն է կամ դրա մասը:
Ավելին, այդ կանխավարկածն առավել ամրապնդվում է վերջին շրջանում այն պաշտոնյաների անպատասխանատու հայտարարությունների ֆոնին, որոնք բացահայտ հակասում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին ու վտանգում նրանց անվտանգությունը:
Այդ պաշտոնյաներն իրենց հայտարարություններով, ըստ էության, ապացույցներ են ապահովում, որոնք կարող են օգտագործվել տարբեր, այդ թվում՝ միջազգային ատյաններում ՀՀ ու նրա քաղաքացիների իրավունքների և շահերի դեմ:
Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 31-ի արձագանքն այդ ռեպորտաժին պայմանավորված էր նաև նրանով, որ ուսումնասիրություններն արդեն իսկ արձանագրել էին Պաշտպանի համար սպասելի բազմաթիվ ադրբեջանական լրատվամիջոցների հեռուստատեսային ու տպագիր նյութեր, որոնք ուրախությամբ ադրբեջանական հանրային քննարկման առարկա էին դարձրել այդ ռեպորտաժը՝ արձանագրելով, որ Հայաստանում պետական մակարդակով ընդունում են, որ նշված գյուղերը պատկանում են Ադրբեջանին (հղումներն այս հայտարարության վերջում): Ավելին ,արդեն իսկ տարածում են ստանում կոչերը «հետ վերցնելու ադրբեջանական գյուղերը հայկական օկուպացիայից»:
Ադրբեջանական քարոզչական նշված նյութերում, որպես ադրբեջանական օգտին ապացույց, օգտագործվում են նաև ՀՀ Ազգային ժողովի՝ Տավուշից ընտրված պատգամավորի խոսքերը, որոնցով նա Տավուշի մի շարք գյուղեր համարել էր «ադրբեջանական»: Այդ նյութերում նույնիսկ ադրբեջանի օգտին պնդումներ են արվում այն մասով, որ ռեպորտաժը պատրաստվել է ՀՀ կառավարության հանձնարարությամբ:
Ուստի, իր իսկ ձևավորված այս վտանգավոր կանխավարկածը փարատելու համար Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային հեռուստաընկերության՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների ու անվտանգության համար վտանգավոր շեշտադրումներով ռեպորտաժն արդարացնելու փոխարեն պարտավոր է պատասխանել առնվազն հետևյալ հարցերին՝
1) Արդյոք ռեպորտաժում մտադրված է Տիգրանաշենը ներկայացվում «ադրբեջանական անկլավ» կամ այլ կերպ՝ «ադրբեջանական տարածք» և արդյոք դա ծրագրային քաղաքականություն է այն պայմաններում, երբ Տիգրանաշենն անկլավի կարգավիճակ չի էլ ունեցել. այն պատմական հայկական գյուղ է:
2) Ինչո՞ւ է միայն նշվում, որ գյուղը Խորհրդային Ադրբեջանի մաս է կազմել և չկա որևէ նշում այն մասին, որ գյուղն ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը:
3) Ինչո՞ւ է Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկված հայկական Քարքե անվանումով (ներկայում՝ Տիգրանաշեն) գյուղը ներկայացվում հենց ադրբեջանական Քյարքի անունով:
4) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը տեղյակ չէ, որ Տիգրանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ կամ անկլավ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն կազմել է Խորհրդային Հայաստանի մաս:
Անգամ, օրինակ, ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մաս (քարտեզը հրապարակվում է՝ որպես սույն հայտարարության հավելված):
Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով , ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները:
5) Ինչո՞ւ է գյուղերի պատկանելիությունը քննարկվում ադրբեջանական պետական քաղաքականության տեսանկյունից՝ ղեկավարվելով միայն բնակչության էթնիկ պատկանելիության հիմքով:
Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ եթե որևէ բնակավայր բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը:
6) Ինչո՞ւ են Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին, ներկայացվում միակողմանի՝ պնդումով , որ «ադրբեջանական անկլավ» են և այլն:
7) Ինչո՞ւ ռեպորտաժում չկա որևէ քննարկում այն մասին, թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող են առաջ գալ ոչ միայն այդ գյուղերում ապրող մարդկանց իրավունքների, այլ ՀՀ ամբողջ բնակչության իրավունքների ու անվտանգության համար, եթե առաջնորդվենք այն կեղծ պնդումներով, թե ռեպորտաժում քննարկվող գյուղերն ադրբեջանական են:
8)Արդյոք Հանրային հեռարձակողի խորհրդի համար պարզ չէ, որ «ադրբեջանական անկլավ» նշանակում է տարածքի ոչ հայաստանյան, այսինքն՝ ադրբեջանական պատկանելիություն ու հարցն այդպես լուծվելու դեպքում առաջանալու են հարյուրավոր նոր ներքին տեղահանվածներ, ՀՀ սահմանային բնակիչների ունեզրկումներ, վտանգվելու է Տավուշի ու Արարատի մարզերի բնակիչների ու, առհասարակ, այդ վայրերով անվտանգ ու ազատ տեղաշարժը (ինչպես արդեն ներկայում Սյունիքում է):
9) Ի՞նչ հիմքով է Կառավարության հիմնադրած հեռուստաընկերության եթերով հեռարձակվող ռեպորտաժով հանրության քննարկմանը ներկայացվում Ադրբեջանի հետ սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող կասկածելի բովանդակությամբ ինչ-որ փաստաթղթի նախագիծ, որի կոնկրետ տեքստը, ձևակերպումներն ու հասկացություններն այդպես էլ պաշտոնական որևէ աղբյուրով չեն հրապարակվել ու պետական հաստատում չեն ստացել: Ավելին, դեռ մի հատ էլ այդ նախագծի հիման վրա քննարկվում են տարածքի փոփոխությանն առնչվող հարցեր՝ այն էլ մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության վկայակոչմամբ:
10) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ Հանրային հեռուստատեսության լրատվական քաղաքականությունը միջագային ատյաններում ընկալվում է՝ որպես պետական մոտեցում, քանի որ այս հեռուստաընկերությունը պետական է և հիմնադրված է ՀՀ կառավարության կողմից:
11) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ ռեպորտաժով ՀՀ և նրա քաղաքացու իրավունքների ու շահերի դեմ գեներացվել է հավաստի ապացույց»,- նշված է հաղորդագրության մեջ։