Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է հանքարդյունահանման անօրինական գործունեության հերթական դեպքը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ի լրատվականից։
«Մասնավորապես, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 5 բաժին տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասում, առանց հանքարդյունահանման համապատասխան թույլտվության, կատարվում է հանքարդյունահանում կամ հանքի շահագործում։ Ստացված տեղեկությունների հիման վրա ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցներն իրականացրել են նախապատրաստական և ստուգողական աշխատանքներ: Պարզվել է, որ ընկերությունը, չունենալով հանքարդյունահանման համապատասխան թույլտվություն, շահագործել է Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասը: Ընկերությունը հանքավայրից ապօրինի արդյունահանել է առնվազն 19302մ3 հանքանյութ, որի պարագայում ստացվել է 6755մ3 տուֆ քարի պատրաստի արտադրանք, որը 1մ3-ի համար միջինը վաճառվել է 7386 ՀՀ դրամով։
Այսպիսով, ընկերության կողմից կատարված գործունեության արդյունքում պակաս է հաշվարկել շուրջ 8 միլիոն 300 հազար դրամի չափով բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի գումարներ, իսկ իրացման շրջանառությունը պակաս է հաշվարկվել շուրջ 41 միլիոն հազար դրամի չափով»,-մասնավորապես նշված է ՊԵԿ հայտարարության մեջ։