ՀՀ քննչական կոմիտեում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս համայնքի ղեկավար Ա.Առուշանյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները:
ՔԿ-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Առուշանյանը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, նպատակ ունենալով Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում զբաղվել հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, Վերիշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,555 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, այնուհետև Գորիս համայնքի ավագանու որոշմամբ այն դրել է աճուրդի:
Միևնույն ժամանակ, վերոհիշյալ տարածքում լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով Ա. Առուշանյանն իր ազգականի անվամբ և վերջինիս միջոցով հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: 2019թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած աճուրդում հաղթող է ճանաչվել Ա. Առուշանյանի ազգականը, որին համայնքի ղեկավարի որոշմամբ և կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, օտարվել է նշված հողատարածքը:
Բացի այդ, Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:
Բացի այդ, 2020թ. օգոստոսի 28-ին Գորիս համայնքի մի բնակիչ իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Գորիս քաղաքի տարբեր փողոցներով, հանդիպել համայնքի ղեկավարի «Մերսեդես-Բենց 500» մակնիշի ավտոմեքենային և հարկադրված շրջանցել վերջինիս, ինչը զայրույթ է առաջացրել Առուշանյանի մոտ և նա հրահանգել է կանգնեցնել ավտոմեքենան՝ իբրև անկարգ վարելու հետ կապված պարզաբանումներ պահանջելու նպատակով: Առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ համայնքի ղեկավարի երկու ընկերները բռնել են երիտասարդի ձեռքերից, իսկ Ա.Առուշանյանը նախ գլխով հարվածել է նրա քթի հատվածին, ապա՝ ձախ աչքի շրջանին, որից հետո շարունակելով խուլիգանական գործողությունները՝ հայհոյանքներ հնչեցնելուն զուգահեռ հարվածներ է հասցրել նաև նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս: Այնուհետև մոտենալով համայնքի բնակչի ավտոմեքենային, Առուշանյանը կրկին հայհոյել է և քաշել-պոկել համարանիշը:
Տեսանյութեր՝
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ: Պետությանը պատճառված վնասի չափով կալանք է դրվել Առուշանյանին պատկանող անշարժ գույքի վրա : Վերջինիս երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, իսկ ՍՊ ընկերության վաճառքի գծով տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: