Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքական հավաքների ժամանակ երեխաների իրավունքները խախտող իրավիճակներ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
ՄԻՊ վերլուծությունից մի քանի հատված ենք ներկայացնում․
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքական հավաքներին երեխաների մասնակցության հետ կապված խնդրահարույց, ինչպես նաև նրանց լավագույն շահերը խախտող իրավիճակներ.
1. Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր: Առկա են նաև երեխաների ներկայությամբ հայհոյանքի խոսքեր հրապարակային հնչեցնելու դեպքեր:
Օրինակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ երեխաների մասնակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում քարոզարշավի ընթացքում հնչեցրել է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «…հունիսի 20-ից հետո մենք անպայման գալու ենք նրանց հետևից և այդ բոլոր քրեական թափթփուկները պառկելու են ասֆալտների վրա» կամ «եթե որոշ գեղացի թափթփուկ պաշտոնյաներ հասկանում են միայն ուժի լեզուն, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը նրանց հետ կխոսի ուժի լեզվով: Եվ ես ձեզ խոստանում եմ՝ բոլոր այդ թափթփուկները պառկելու են Ագարակի ասֆալտներին»:
Այս համատեքստում հատկապես անընդունելի է երեխաների մասնակցությամբ նախընտրական քարոզարշավին նման կոչեր անելը՝ դրանով երեխաների համար ևս ստեղծելով ատելության մթնոլորտ: Երեխաներն այս հարցերի նկատմամբ առավել խոցելի են նաև այն պատճառով, որ նրանց մոտ այդ խոսքերը կարող են արագ փոխակերպում ստանալ: Երեխաների ծնողները, խնամակալները և պատասխանատու այլ անձինք հենց իրենք պետք է երեխաներին քաղաքական բնույթ ունեցող նման հավաքներին ներգրավելու նպատակահարմարությունը դիտարկեն նաև այս փաստերի հաշվառմամբ:
2. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է հրապարակումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մասնակցությամբ տարբեր մարզերում անցկացվող նախընտրական հավաքներին վարչական լծակների գործադրմամբ, դպրոցների տնօրենների հորդորով կազմակերպված խմբերով ուսուցիչների և աշակերտների ներգրավվածության վերաբերյալ: Քաղաքական բնույթ ունեցող հավաքներին կազմակերպված խմբերով դպրոցների տնօրենների, ուսուցիչների և երեխաների ներգրավվածության, այդ թվում՝ դասերի ժամերին ներգրավվածության դեպքերի մասին են վկայում հրապարակային տարբեր աղբյուրներով տարածվող տեսանյութերում դպրոցի տնօրենների և ուսուցիչների որոշ մեջբերումներ:
Օրինակ՝ լրատվամիջոցներում տարածվող տեսանյութերից մեկում Վարչապետի պաշտոնակատարի իրականացրած քարոզարշավին մասնակցող ուսուցիչը, լրագրողի այն հարցադրմանն ի պատասխան, թե արդյո՞ք իրեն նախապես տեղեկացրել էին տվյալ հանդիպման մասին, նշել է՝ «Իհարկե: Տնօրինության աչքից չընկնելու համար եկել եմ: Ուրիշ ի՞նչ կարող էի անել, եկել եմ, բայց չեմ մասնակցում, հոգեպես չեմ մասնակցում»:
Արատավոր են այն երևույթները, երբ երեխաներին կանգնեցնում են աղ ու հացով դիմավորելու քաղաքական գործիչների կամ տարբեր չինովնիկների: Պարզ չէ՝ դրա իմաստը ո՞րն է առհասարակ: Եվ ինչու՞ են հենց երեխաներ ներգրավվում ու ինչու՞ չեն կարող դա անել չափահասները: Ակնհայտ է, որ այստեղ նույնպես գոյություն ունի երեխաներին տարբեր քաղաքական կամ այլ նպատակներով օգտագործելու գործոնը»: