2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, իրավախախտումների վերաբերյալ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ստացված հաղորդումների, ահազանգերի ընդհանուր բովանդակային դիտարկումը փաստում է, որ դրացնում քիչ չեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, նրանց ներկայացուցիչների նախընտրական կամ այլ բնույթի պաստառները վնասելու, պոկելու, ոչնչացնելու, առանձին դեպքերում՝ նաև գողանալու, դրանց հետևանքով գույքային վնասներ պատճառելու դեպքերը: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
«Մասնավորապես՝ իրավապահ մարմիններ ստացվել է ինչպես մինչև հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավը, այնպես էլ դրանից հետո ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր մարզերում, Երևան քաղաքում փակցված պաստառներ պոկելու, վնասելու, գողանալու վերաբերյալ ընդհանուր 50 հաղորդում, ահազանգ:
Դրանցից 41-ի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր, որոնցից 24-ն ընթացքի մեջ է, 13-ով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ: 4 դեպքի առթիվ, նկատի ունենալով պատճառված գոյյքային վնասի չափը, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով ներկայում ընթանում է նախաքննություն: Նշված 4 քրեական գործերն էլ վերաբերում են մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցած դեպքերին:
9 դեպքի առթիվ հանձնարարվել է կատարել ստուգման գործողություններ, որոնցից 2-ով առերևույթ հանցավոր արարքի կատարումը չի հաստատվել, 3-ի դեպքում տվյալներն ուղարկվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ նման հաղորդումներն առավել հաճախակիացել են հատկապես վերջին օրերին: Չնայած այդ հանգամանքին, բազմաթիվ են դեպքերը, երբ իրավապահ մարմինները, պատշաճ արձագանքելով պաստառների վնասման վերաբերյալ ահազանգերին, նյութերի նախապատրաստման ընթացքում օպերատիվ կերպով սկսում են իրականացնել անհրաժեշտ գործողություններ, սակայն համապատասխան սուբյեկտները հետագայում հրաժարվում են հաղորդում տալուց՝ նշելով, որ բողոք չունեն և չեն ցանկանում, որպեսզի այդ արարքները կատարած անձինք քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այս իմաստով հատկանշական է, որ վարույթն իրականացնող մարմինների կողմից քրեական գործերի հարուցումը մերժելու 11 որոշումներից 10-ը կայացվել է բողոքի բացակայության հիմքով: Դեպքերի մի մասի պարագայում նյութերի նախապատրաստման ընթացքում արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ պատճառված նյութական վնասի չափն ակնհայտորեն նվազ է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված վնասի չափի նվազագույն շեմից»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։