Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
««Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Միեւնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։ Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ եւ վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում Է քաղաքական երանգներ»։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է ձայնագրություն, որում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը պարտադրում է մասնակցել կիրակի օրը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա սպառնում է աշխատակիցներին՝ ասելով, թե ինքը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է, և եթե որևէ մեկը չկատարի իր «խնդրանքն ու պահանջը» և չմասնակցի ընտրություններին, ապա կարժանանա «շատ կոշտ վերաբերմունքի և համարժեք պատասխան կստանա»։
«Ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները և տեսնելու եմ՝ ով է գնացել ընտրության և ով չի գնացել»,- հրապարակված ձայնագրությունում ասում է Արմեն Չարչյանը։
Հիշեցնենք նաև, որ Չարչյանին ձերբակալել էին, ապա դատավորը բավարարել էր փաստաբանների բողոքը ու ազատ արձակել: