Պրոֆեսոր Չարչյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Հավելյալ տեղեկություններ պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք», – հավելել է Վարդևանյանը:
Նա տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
«Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված Դատախազությանը»,-նշել է փաստաբանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ժամեր առաջ դատարանը որոշել է 1 ամսով կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանին։
Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ հրապարակված ձայնագրության կապակցությամբ: Ձայնագրության մեջ Չարչյանը պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։
Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։ Չարչյանը, սակայն դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, օրեր անց դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն բավարարել էր և նորից դատական գործընթաց սկսվել։
Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նրան մեղսագրվող հոդվածով նախատեսվում է 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկում։