«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշված է․
««Հայաստան» դաշինքը իր ընտրական ցուցակի 20-րդ համար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը գնահատում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում, որը կիրառվում է փաստացի ընտրություններից ամիջապես հետո ձեւավորված խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի դեմ։ Իրենց այս և անցած օրերին գրանցված այլ քայլերով իշխանությունները շատ ուղիղ ցույց տվեցին, որ նվիրված են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու, իսկ իրականում՝ պետությունը քայքայելու գործելաոճին։ «Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է անվանի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորումը եւ անելու է առավելագույնը՝ արդարությունը վերականգնելու համար»։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ժամեր առաջ դատարանը որոշել է 1 ամսով կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանին։ Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ հրապարակված ձայնագրության հիման վրա: Ըստ ձայնագրության, Չարչյանը պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։
Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նրան մեղսագրվող հոդվածով նախատեսվում է 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկում։
Հավելենք, որ Չարչյանը երեկ սրտի տագնապով տեղափոխվել է հիվանդանոց։