Ադրբեջանի լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի է դարձել, որ Բաքվում մեկնարկել են այնտեղ գտնվող մեկ տասնյակից ավելի հայ գերիների դատական գործընթացները։ Վերջին օրերին հայկական փաստաբանական հանրությունը հայտարարություններով հանդես եկավ՝ ցանկություն հայտնելով հանդես գալ Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների պաշտպանության դիրքերից։ Բաքվում մեկնարկած այս դատական գործընթացների և հայ գերիների իրավունքների պատշաճ պաշտպանության հարցերի շուրջ Armenia Today-ը զրուցել է փաստաբան Հովսեփ Սարգսյանի հետ, որը ևս ցանկություն է հայտնել մեկնել Ադրբեջան։
«Մեր իրավապաշտպան գործունեությունը կարող է կարգավորվել կամ սկսվել Ադրբեջանում գտնվող հայազգի տղաների հարազատների ցանկությամբ։ Այսինքն՝ առաջին հերթին նրանք պետք է դիմեն։ Ես արդեն իմ ցանկությունը հայտնել եմ, որպեսզի առավելագույն օգնություն ցույց տամ»,- այս մասին նշեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը՝ հավելելով, որ դրանից հետո արդեն պետք է հաջորդ փուլը սկսվի։
«Հաջորդ փուլը կազմակերպչական բնույթի աշխատանքներն են, որպեսզի հնարավորություն ստեղծվի` ես կամ փաստաբանների խումբը մեկնի Բաքու, որպեսզի համապատասխան իրավական օգնությունը ցույց տանք։ Այս պահի դրությամբ ունենք փաստաբանների խումբ, որը որոշակի իրավական շրջանակներում փորձում է քայլեր կատարել՝ անկախ նրանից թե կա հարազատների այդպիսի ցանկություն, թե՞ ոչ։ Այդ գործն իրականացվում է ընդհանուր առմամբ հանրային դաշտում։ Խոսքը վերաբերում է միջազգային կառույցների միջոցով Ադրբեջանի պատկան մարմինների վրա ազդեցություն գործելու հանգամանքին»,-նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ այդ աշխատանքներին մասնակցում են փաստաբաններ Սիրանուշ Սահակյանը, Հայկ Ալումյանը և այլք։
Հովսեփ Սարգսյանը հայկական կողմի մեկնումը ներկայացրեց մի շարք կոնվենցիաների տեսքով. «Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ իրավական օգնություն հնարավոր է ցուցաբերել Իրավական հարաբերությունների և իրավական օգնության վերաբերյալ 1993թ-ի Մինսկի կոնվենցիայով։ Կոնվենցիան նախատեսում է իրավական փոխօգնության տրամադրում երկրների միջև»։
Փաստաբանը ընդգծեց, որ այս պարագայում շատ կարևոր է հայ փաստաբանների մասնակցությունը հայ գերիների իրավունքների պաշտպանության առումով։
«Նախևառաջ, որքանով հայտնի է ԶԼՄ-երի հրապարակումներից՝ մեր տղաները «ինքնախոստովանական» ցուցմունքներ են տվել, որ մասնակցել են Ադրբեջանի դեմ ինչ-որ ռազմական գործողությունների։ Սա բացառվող հանգամանք է, քանի որ դուք չեք գտնի որևէ հայի, որը նման «ինքնախոստովանական» ցուցմունք կտա։ Այսինքն՝ սա վկայում է նրա մասին, որ Ադրբեջանում մեր հայ զինվորների նկատմամբ առնվազն տեղի է ունեցել բռնություն կամ այնպիսի ճնշման գործադրում, որով հնարավոր կլինի կորզել ինքնախոստովանական ցուցմունքներ։ Բացի այդ, պատկերացրեք Ադրբեջանում գտնվող անձանց, ովքեր գտնվում են արգելանքի կամ կալանքի տակ ու նրանք «ինքնախոստովանական» ցուցմունք են տալիս։ Այսինքն՝ նրանք ազատ չեն իրենց գործողություններում և բովանդակային առումով զրկված են պաշտպանությունից՝ չնայած ձևական առումով, որքանով հետևել եմ՝ նրանք ունեն պաշտպանություն, բայց դա կրելու է ձևական բնույթ»,-մանրամասնեց Սարգսյանը։ Նա ընդգծեց նաև,որ այս առումով հայ փաստաբանների մասնակացությունը այդ պաշտպանությանն արդեն և՛ բովանդակային, և՛ ձևի առումով արդարացված է։
Փաստաբանը կարևորեց նաև հարցի միջազգայնացումը։ «Մեր փաստաբանական խմբի մասնակցության դեպքում հնարավոր կլինի միջազգային կառույցներին ուղիղ, «առաջին ձեռք» ինֆորմացիա տրամադրել և հասցնել այնպիսի տեղեկատվություն, որը կարող է էական նշանակություն ունենալ մեր տղաների պաշտպանության համար։ Իսկ թիրախավորված նպատակը լինելու է նրանց ազատության որոշումը ստանալ և տեղափոխել Հայաստան։ Սա շատ կարևոր է»։
Ըստ Սարգսյանի՝ հայ փաստաբանի մասնակցությունը տվյալ գործով արդեն ինքնին միջազգային ուշադրություն է սևեռելու Ադրբեջանի դատարանների վրա։ «Առաջին հերթին մենք կկարողանանք «ճնշման» ենթարկել դատական համակարգը, փորձել ներկայացնել արդարադության շահը, իրական շահի մասին է խոսքը, ոչ թե Ադրբեջանի «արդադատության» մասին։ Մեր տղաները էլ կոգևորվեն, կգոտեպնդվեն»,-եզրափակեց փաստաբանը։
Հայկ Անտոնյան