Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել դատախազության բոլոր աշխատակիցներին։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Հիմա իհարկե տեսնում ենք, թե ինչպիսի արձագանքներ ունեն խորհրդարանական ընտրությունները հայ և միջազգային հանրության շրջանում: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ ընտրությունները որպես ինստիտուտ ծառայում են որպես ճգնաժամի հաղթահարման գործիք: Ցավոք, նախկինում առավելապես ընտրությունների արդյունքում ավելի շատ ճգնաժամեր են առաջացել, և առաջին դեպքն է, երբ մենք կիրառել ենք ժողովրդավարական այդ գործիքը՝ ներքաղաքական ճգնաժամն ու հակադրությունը հաղթահարելու գործում: Իհարկե, 2018 թվականն իր առանձնահատկությունն ուներ և 2018-ին էլ մեր ընտրություններն անցան շատ բարձր որակով, բայց դրանք կանխատեսելի ընտրություններ էին և ընդհանրապես որևէ հարց, հարցական այդ ընտրություններում չկար: Եթե հիմա բացառությունները հանած նայենք մեր ընտրությունների պատմությունը և տեսնենք, թե ինչպիսի իրադրություն էր երկրում տիրում ընտրություններից առաջ և հետո՝ կտեսնենք, որ սովորաբար ընտրություններից հետո կրքերը բորբոքվում են և առաջին անգամ է, որ բորբոքված կրքերը հանդարտվում են ընտրությունների արդյունքում»,-նշել է Փաշինյանը։
Առաջիկայում շատ ավելի կարևոր և ծավալուն աշխատանք է սպասվում: Հանրությունն ու բոլորս, կարծում եմ, ունենք գիտակցում, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանը պիտի ստանա հանրությունը: Իհարկե առանձին թեմա է, թե որ հատվածն է, որ պետք է դատաիրավական համակարգի շրջանակներում քննվի, որ համակարգն է, որ հանձնաժողովային կամ օրենսդրությամբ նախատեսված այլ ֆորմատներով պիտի քննարկվի, բայց կարևոր է արձանագրել, որ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները և դրան հարակից այլ հանգամանքներ պիտի անպայման քննվեն այնտեղ, որտեղ կա քրեաիրավական գնահատականի խնդիր, պիտի տրվի քրեաիրավական գնահատական: Այնտեղ, որտեղ կա քաղաքական գնահատականի խնդիր, պիտի տրվի քաղաքական գնահատական, բայց հանրությունը և մենք բոլորս, կարծում եմ, զգում ենք այդ անհրաժեշտությունը, կարիքը և առաջիկայում դատախազությունն այս առումով բավականին մեծ աշխատանք ունի կատարելու»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն, անդրադառնալով վերջին երեք տարիներին դատաիրավական համակարգի հետ տեղի ունեցածին, նշել է, որ 2018թ. ձևավորված իշխանությունը հրաժարվեց դատաիրավական համակարգի թելադրանքի քաղաքականությունից:
«Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել ենք մանդատ՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ պիտի կարողանանք հասնել մի իրադրության, երբ ՀՀ քաղաքացիների և ինստիտուտների փոխադարձ հարաբերությունները հենված և սահմանափակված լինեն օրենքներով ու իրավունքով, և մյուս կողմից այդ օրենքները լինեն կիրառելի, այդ օրենքները ծառայեն իրավունքին և այդ օրենքները լինեն մարդկանց համար, հանրության համար և ոչ թե հակառակը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ առնվազն հոգեբանական շատ լուրջ և խորքային փոփոխություններ են տեղի ունեցել: Վարչապետի պաշտոնակատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ի վերջո արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նրանց բովանդակությունը և արդյունքները ցույց են տալիս այն, որ մեր հանրության շրջանում տեղի են ունեցել անշրջելի փոփոխություններ։
«Շատ կարևոր գործառույթ է նաև ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որը Հայաստանի Հանրապետությունում նոր սկսել է գործել: Այստեղ է, որ մենք նույնպես պիտի կարողանանք արդարության ճանապարհներով քայլել, որպեսզի, այսպես ասած, վրեժխնդրության տրամաբանություն չգործի, այլ գործի օրինականության տրամաբանություն և ի վերջո արդարությունը հաստատվի, վերականգնվի ու պետության, ժողովրդի, հանրության շահերը լիարժեք վերականգնվեն:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ այս տոնական օրն իրենց համար լոկ համակարգի լինելիության և դրա մասը կազմելու գերատեսչական հպարտության հավաստիք չէ:
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ընտրություններին վերաբերող բազմաթիվ դրվագներ սպասում են իրավական գնահատականների: «Վստահ եմ, սակայն, որ այս փուլը ևս արժանապատվորեն անցնելու ենք, որովհետև նշածս հավատամքի կրողը ամբողջական դատախազական համակարգն է՝ իր դրսևորած բացառիկ կայունությամբ, պահի լրջության, ընտրությունների պատմական կարևորության և դրանցից ածանցվող՝ իր դերակատարության նշանակալիության խորքային ընկալմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում․