«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ծանոթանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ ներկայացված դիրքորոշմանը։
Տեղեկացնեմ, որ փաստորեն, այդ կուսակցությունը կայուն հղում է տալիս Սահմանադրական դատարանի ընտրական վեճերի վերաբերյալ նախկին որոշումներին։ Հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»։ Իհարկե, «փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել, որ ՍԴ մասին նոր օրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվար ամսին, իսկ այդ որոշումները լրիվ այլ ընթացակարգով ՍԴ մասին օրենքի շրջանակներում են ընդունվել, բայց պետք է ըմբռնումով մոտենալ, ի վերջո, արդարադատության նախարարի պաշտոնակատարը, բացի այդ կուսակցությանը ՍԴ-ում ներկայացնելուց, այլ ծանրաբեռնվածություն ունի։ Ի դեպ, ընտրական օրենսգրքի նորմի մեկնաբանման աղբյուր և դրանով իբր մեզ հակադարձելու միջոց այդ կուսակցության համար հանդիսանում է Դավիթ Հարությունյանի կոնտեքստից կտրված խոսքը, այն պարագայում, որ ուրիշ հարցերում միշտ հակադարձում էին Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին։ Հետաքրքիր բացահայտման միջոց է սահմանադրական արդարադատությունը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ չորս քաղաքական ուժ դիմել է ՍԴ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
Այսօր ՍԴ-ն քննարկելու է միասնական դիմումը։
«Քաղաքացիական պայմանագիրը» դատավարության ընթացքում ներգրավվել է որպես երրորդ անձ։