Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ հարցի քննության ժամանակ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դիմեց զեկուցող ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանին՝ հետաքրքրվելով՝ որոնք են այն էական հանգամանքները, որոնք գտնվելով գործի նյութերում, կարևոր նշանակություն են ունենալու այս գործի ելքի համար, արդյո՞ք դրանք առանձնացված են, թե դրանք այն ամենն են, ինչ կան գործի նյութերում։
Էդգար Շաթիրյանն արձագանքեց, որ հարցն իրեն էլ է մտահոգում.
«Եթե անկեղծ ասեմ, ունեմ դիրքորոշում այս հարցի հետ կապված, բայց կարծում եմ, որ այս փուլում չէ, որ պետք է բարձրաձայնեմ»։
«Կարծում եմ՝ այս հարցն անկյունաքարային է, և մենք պետք է համատեղ քննարկենք, հակառակ պարագայում՝ չենք կարող առաջ գնալ»,- նշեց զեկուցողը:
Նա ասաց, որ, բնականաբար, դիմողները ներկայացրել են, իրենց գնահատմամբ, առերևույթ խախտումների առնչությամբ համապատասխան ապացույցներ, փաստաթղթեր, տեղեկատվություն, նյութեր, բայց եթե ընդհանուր ձևակերպի, դրանք բոլորը, ըստ նրա, չեն կարող ապացուցողական նշանակություն ունենալ:
«Բացի այդ, նկատի ունենալով դրանց ծավալը՝ հնարավոր չէ այս ամենը դարձնել հետազոտման առարկա»,- ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: