Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Facebook-ի իր էջում կալանավորման վերաբերյալ տարածված տեղեկությունների հետ կապված պարզաբանում է ներկայացրել։
«Գոռ Համբարձումյանին 06.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: Գոռ Համբարձումյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է պարզապես զավեշտալի:
Գործի նյութերում չկա որևէ ուղղակի կամ անուղղակի ապացույց Գոռի կողմից նման արարք կատարելու մասին: 08.06.2021թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է Գոռին, բայց դա, այսպես ասած, «հաշիվ չի և լուրջ չի», քանի որ դատավորը Գագիկ Պողոսյանն էր: Կալանավորման որոշումը բողոքարկել եմ Վերաքննիչ դատարան, հույս ունեմ՝ կմակագրվի նորմալ դատավորի, և Գոռը ազատ կարձակվի»,- մանրամասնել է պաշտպանը։
Նա տեղեկացրել է, որ այս պահին ընթանում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը կալանավորված է։