Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու կալանավորումն անօրինական են, նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Փաստաբանի խոսքով ՝ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, նրա կալանավորման մասին միջնորդությունը ընդունվել է քննիչ Խ. Մեջլումյանի կողմից, մինչդեռ այդ գործով նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավարն է քննիչ Արման Մանուչարյանը:
Փաստաբանը հայտարարել է, որ քրեական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ գործերը միավորելու կամ բաժանելու, որպես մեղադրյալ ներգրավելու, վարույթը կարճելու կամ վերսկսելու, քննության ժամկետները երկարաձգելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում է ընդունում միայն քննչական խմբի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նա մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրակաշառք տալու մեջ։