2021թ. հուլիսի 28-ին` ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբ, ՀՀ տարածքի մասն առանձնացնելու և զավթելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների վարչական տարածքներում գտնվող Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածում, բռնություն են գործադրել պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների նկատմամբ։ Դեպքի առնչությամբ ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել։
Ըստ ՔԿ-ի՝ այդ ընթացքում երկու կամ ավելի անձանց սպանելու դիտավորությամբ, ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, հրետանային և հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, գրավել են պահպանվող հենակետերից մեկը, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դավիթ Գառնիկի Քոչարյանը և Կորյուն Արայիկի Հարությունյանը ստացած հրազենային և բեկորային մարմնական վնասվածքներից մահացել են, իսկ պարտադիր ժամկետային հինգ զինծառայողներ, շարքայիններ ստացել են տարբեր աստիճանի հրազենային, բեկորային մարմնական վնասվածքներ:
«Դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական 300.2-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ և ձեռնարկվում է նախաքննություն»,- նշվում է ՔԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գիշերը ժամը 3:40-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։
Ըստ ՊՆ-ի՝ ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։