Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։
Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի, դատարանը հետաձգեց գործի քննությունը մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 13։00-ն։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափով կաշառք վերցնելու), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացում):
Ռ․ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, իբր «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողությունների իրականացմանը չխոչընդոտելու համար, մասնավորապես` ընդերքի ուսումնասիրման հատուկ լիցենզիաների գծով ընկերության բաժնեմասերի 100% վաճառքի գործարք: Գումարը, իբր, փոխանցվել է 2008-ի փետրվարին եւ մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ: Նախկին փոխվարչապետը մեղադրվում է նաեւ կաշառք վերցնելու եւ փողերի լվացման համար