Սյունիքի մարզ Սիսիանի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նա նշեց, որ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժել է Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։
«Մենք համոզված էինք, որ դատարանը նման անարդար որոշում է կայացնելու։ Երբ դատարանի նախագահը գործը մակագրեց Տիգրան Սահակյանին, մեզ համար արդեն իսկ ակնհայտ էր, թե ինչ ընթացք է ունենալու գործը»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասի (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:
Հիշեցնենք նաև, որ Արթուր Սարգսյանը «Հայաստան» դաշինքից պատգամավոր է ընտրվել, նրա թեկնածությունը առաջադրվել է նաև ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնի ընտրությանը։