Քննչական կոմիտեն հայտնել է Գյումրիում երիտասարդ ամուսինների մահվան պատճառ դարձած պայթյունի մանրամասները։
2021թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկի բակից լսվել է պայթյունի ձայն:Անմիջապես դեպքի վայր է մեկնել է քննչական խումբը և նշված տան բակում հայտնաբերել Գյումրի քաղաքի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կապիտան, 1986թ. ծնված տղամարդու և վերջինիս հղի կնոջ՝ Գյումրի քաղաքի 1992թ. ծնված բնակչուհու դիերը՝ նռնակի պայթյունին բնորոշ հետքերով և վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է նռնակի պայթուցիչի նմանվող առարկա՝ նռնակի թողարկման լծակ, պայթուցիչի օղակ, ինչպես նաև՝ մարդկային պտուղ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 7-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյուն է տեղի ունեցել: Տարածք են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցներն ու ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։ Այս պահին ոստիկանները դեպքի վայրը սահմանազատել են, իսկ տեղում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները: