Զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը գազային ատրճանակով մտել է Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մեջ գործող բանկերից մեկի մասնաճյուղ և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել մի կապոց գումար։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։
Տեղում անվտանգության աշխատակիցները, քաղաքացիներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, վնասազերծել են այդ քաղաքացուն, ով տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Ալեքսանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հափշտակված գումարն անցնում է 100 մլն դրամից, սակայն վերջնական գումարի չափը պարզվում է։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Երևան մոլ»-ի «Սի Սեքյուր» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակիցները, չսպասելով, մինչ կժամանեին իրավապահ մարմինները, կարողացել են շենքի ներսի մի քանի հատվածներով մոտենալ ավտոկայանատեղիին և հենց այնտեղ «ասֆալտին փռել» կողոպտիչին, ով եղել է բժշկական դիմակով, գլխարկով և ակնոցով և ում ձեռքին է եղել նաև պարկով լի գումարը, որի մեջ եղել է մոտ 102 մլն։