Ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը 30 տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը հաջողված չի համարում։
Նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ Սասուն Խաչատրյանը նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքար եղել է, սակայն որոշ դեպքերում եղել է նաև պայքարի իմիտացիա։
«Կոռուպցիայի դեմ պայքարը կարող է տեղի ունենալ միայն քաղաքական կամքի առկայության պայմաններում։ Կարծում եմ՝ այսօր այդ քաղաքական կամքը կա ու լայն հնարավորություններ կան ոչ թե իմիտացիայով զբաղվել, այլ՝ իրական գործով»,- հայտարարեց ՀՔԾ պետը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն նաև տեղեկացրեց, որ կոմիտեի զգալի առավելությունը լինելու է այն, որ այդ կոմիտեն ունենալու է օպերատիվ մարմին և դրանով պայմանավորված, անշուշտ, կմեծանա գործերի քննության արդյունավետությունը։
Սասուն Խաչատրյանը խոստացավ՝ եթե ինքն ընտրվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, ջանքեր կգործադրի, որ մարմինն ունենա նաև փորձագիտական կենտրոն, որտեղ հիմնականում կլինեն այն ոլորտի մասնագետները, որոնց հիմնականում ներգրավվում են կոռուպցիոն հանցագործությունների քննությանը՝ ֆինանսական բլոկի մասնագետներ, համակարգչատեխնիկական, շինարարատեխնիկական բնագավառի փորձաքննությունների մասնագետները։
Հիշեցնենք, որ տեղի են ունենում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածունների հարցազրույցները։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներից մեկը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն է։ Նրանից բացի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է ևս երկու թեկնածու՝ իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը և Դավիթ Մկրտումյանը։