Իմ ելույթներից մեկում ես նշել էի, որ Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք պետական հանցագործներ են, ինչը մեր իշխանությունների կողմից ընկալվեց որպես անմեղության կանխավարկածի խախտում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքնի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել Հայաստանի ներկայացրած բողոքը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։
«Եթե անգամ խախտել եմ՝ ճիշտ եմ արել, քանի որ կան դեպքեր, որ այլ կերպ որակել հնարավոր չէ»,- ասաց Վարդևանյանը և հավելեց․ «Այս տրամաբանության մեջ կարծում եմ, որ բողոքն ավելի շուտ էլ կարելի էր ներկայացնել»։ Նա ընդգծեց, որ ծանոթ է հրապարակված հայտարարությանը։ Տեքստից և բովանդակությունից պարզ է դարձել, որ այն վերաբերում է 44-օրյա պատերազմին։
«Այդտեղ կարելի էր նաև Թուրքիայի դերակատարումն ընդգծել, որովհետև 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս էր ներկայիս իշխանությունն ընդգծում Թուրքիայի մասնակցությունը պատերազմական գործողություններին»,- ասաց Վարդևանյանն ու ավելացրեց, որ Ադրբեջանի պատասխան հայցը զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական որևէ տիրույթում, քանի որ միջազգաային հանրությանը պարզ է, որ հենց Ադրբեջանի կողմից են կատարվել միջազգային իրավունքի նորմերի մի շարք խախտումներ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց կներկայացնի Հայաստանի դեմ` Երևանի կողմից «ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» պարբերական խախտումների համար: Ավելի վաղ Հայաստանը ադրբեջանական վայրագություններն ապացուցող բազմաթիվ փաստեր է ներկայացրել նույն դատարան։