ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությանը, որը կապված է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ։
Այս նախաձեռնությունը մտնում է երկրի 2021թ․-ի ֆինանսական տարվա Պաշտպանական բյուջեի օրինագծի մեջ։ Շուտով հարցը կքննարկի նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը:
Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնության առնչությամբ Armenia Today-ը զրուցեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ՝ պարզելու, թե ինչ ազդեցություն կունենան այդ պատժամիջոցները Թուրքիայի առանց այն էլ խախուտ տնտեսական վիճակի վրա։
«Պետք է հասկանալ կիրառվող պատժամիջոցների աստիճանը։ Ես չեմ կարծում, որ մենք խոսում ենք հատվածական սանկցիաներից (երբ պատժամիջոց է կիրառվում մի ամբողջ ոլորտի նկատմամբ, օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելք և այլն), ֆինանսական սանկցիաներից կամ գոնե նոր տեխնոլոգիաների ներմուծման արգելքի մասին։
Այն սանկցիաները, որոնք կիրառվում են հիմա, ուղիղ նշանակություն չունեն, ունեն քաղաքական, բարոյական նշանակություն, և, հիմնականում, հարցը դրա վրա էլ կանգ է առնում։ Այսպիսով՝ այս պատժամիջոցներն ավելի շատ պետք է դիտարկել որպես պատժամիջոցներ որոշ անձանց նկատմամբ և չպետք է ակնկալել, որ դա որևէ կերպ կանդրադառնա Թուրքիայի տնտեսության վրա»,-ասաց Հրանտ Միքայելյանը։
«Ո՞վ գիտի,- ասաց տնտեսագետը,- գուցե սա ճնշման սկիզբն է, բայց ո՞չ վերջը։ Գուցե ինչ-որ ժամանակ հետո լինեն նո՞ր պատժամիջոցներ, և դրանք ավելի՞ խիստ բնույթ կրեն»։
Տնտեսագետը բացատրեց, որ այդպես լինում է, երբ սկսում են ավելի մեղմ պատժամիջոցներից, սակայն եթե պետությունը հետևություններ չի անում, պատժամիջոցները խստացվում են։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփն ավելի վաղ քննադատության էր ենթարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ փաստաթղթի մի շարք կետեր և խոստացել էր վետո դնել օրինագծի վրա:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանն ու Թուրքիան 2017-ին պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային C-400 համալիրներ մատակարարելու վերաբերյալ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն է Ռուսաստանից ձեռք բերել այդ համակարգերը։ Անկարայի որոշումը խիստ բացասական արձագանք է ստացել ԱՄՆ-ում, և ընդհանրապես, Հյուսիսատլանտյան դաշինքում։
Արաքսյա Սնխչյան