Երեկ մի շարք լրատվամիջոցներ հայտարարեցին հայ գերիների հերթական խմբի վերադարձի մասին: Լուրը հաստատվեց վարչապետի, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակի մակարդակով: Ավելի ուշ պարզվեց, որ Բաքվից Երևան ժամանող ինքնաթիռը դատարկ է: Արդեն այսօր Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը, և որ երեկվա դեպքը կեղծ պրովոկացիա էր:
Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը Armenia Today-ի հետ զրույցում նշեց, որ իր համար փոքր-ինչ դժվար է նկարագրել երեկ տեղի ունեցածը:
«Ըստ էության, մենք սկզբից տեսանք, որ իշխանությանը մոտ շրջանակներն աղմուկ բարձրացրեցին գերիներ բերելու մասին, հետո պարզվեց՝ գերիները չեն եկել: Անկեղծ ասած, իմ մտքով դեռ երեկ մի շատ տհաճ բան անցավ, այդ պատճառով էլ մենք չշտապեցինք հղում տալ այդ պրոիշխանական շրջանակներին ու հայտարարել այդ մասին: Մտածեցինք, որ գուցե սա արվում է ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջափակած մարդկանց շեղելու համար, բայց, ճիշտն ասած, ինքս էլ չէի հավատում, որ հնարավոր է նման բան լինի: Ամեն դեպքում, չշտապեցինք: Այսօր ստացվում է, որ, այնուամենայնիվ, ինչպես նշեց Ռ. Մուրադովը, ո՛չ եղել է գերիների թեմա, ո՛չ էլ պատրաստվում էին գերիներ բերել: Եվ այստեղ հարց է առաջանում, թե Մանե Գևորգյանը, Տիգրան Ավինյանի խոսնակն ինչո՞ւ էին նման լուրեր տարածում»,-ասաց Կ. Վրթանեսյանը՝ նշելով, որ իր մտքով այլ պատասխան, քան դեռ երեկվա մտածածն էր, չի անցնում:
«Գերիների թեման իշխանությունների համար ֆիասկո էր: Հարց է նաև, թե ինչո՞ւ էր պետք թեման ուռճացնել: Հնարավոր է և միգուցե իրենց էլ են ավելի վերևից խաբել, բայց հարց է նաև, թե ինչո՞ւ չսպասեցին, մինչև լուրը հաստատվի, նոր հայտարարեն: Ընդհանրապես կիրառվող տեխնոլոգիան պետք է իմաստ ու նպատակ ունենա, տվյալ դեպքում իրենք իրենց ոտքին «կրակեցին»: Իմաստը ո՞րն էր»,-նշեց նա:
Անդրադառնալով շրջանառվող վարկածներից մեկին, ըստ որի՝ այսպես հող է նախապատրաստվում «գերիներ՝ տարածքների դիմաց» բանաձևի իրականացման համար՝ Կ. Վրթանեսյանը շեշտեց.
«Չեմ կարող ասել: Մի կողմից, իհարկե, այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է: Ամեն անգամ թվում է, թե հասել ենք հատակին, հետո պարզվում է՝ հատակ չէր, ավելի շատ իջնելու տեղ ունեինք: Միևնույն ժամանակ, մենք տեսել ենք, որ առանց դիմադրության բավականին տարածքներ այսպես, թե այնպես հանձնեցին: Իսկապես շատ դժվար է այս իշխանության այս կամ այն քայլը մեկնաբանել, շատ դժվար է ինչ-որ տրամաբանություն գտնել»: