Վերջերս Աբովյանի տուբերկուլոզային հիվանդանոցում արված լուսանկարը հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց։ Դիահերձարանի սենյակներից մեկում ուղիղ հատակին Արցախյան 44-օրյա պատերազմում ընկած զինծառայողների՝ պարկերի մեջ դրված մարմիններ էին։
Այսօր նախարարությունը լուր է տարածել, որ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Սա՞ պետք է լիներ դեպքի իրավական հետևանքը, ո՞ւմ բացթողման պատճառով էր կատարվածը։ Այս ամենի մասին Armenia Today-ը զրուցեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի հետ։
«Երևույթը սարսափելի է, սա պետության վերաբերմունքն է իր քաղաքացու նկատմամբ՝ ոչ միայն զոհվածների, այլև `ողջերի։ Երևույթի ամբողջական ընկալումը հասարակության տեսանկյունից լուրջ անվստահություն է հենց պետության ինստիտուտի նկատմամբ, ինչը 2-3 ազատումներով, բնականաբար, չի կարող ավարտվել»,- ասաց իրավապաշտպանը։
Վերջինս կարծում է, որ պետք է կատարվածին տալ հստակ գնահատական՝ առաջին հերթին հանրային բացատրությունների միջոցով, թե ինչու է այդպես եղել, երկրորդ հերթին՝ ի՞նչ է անում համակարգը հետագայում ցանկացած նմանատիպ դեպքերը բացառելու համար։ Հովհաննիսյանը կարևորեց մշտական ստուգայցերի կազմակերպումը, նաև բարոյական փոխատուցման տրամադրումը։
«Իհարկե անչափելի է բարոյական վնասը։ Անգամ դժվարանում եմ պատկերացնել, որ այն հնարավոր լինի հատուցել, սակայն պետությունը պարտավոր է մտածել, թե ինչպիսի խորը բարոյական վնաս է պատճառել զոհվածների հարազատներին և ինչպես կարող է քավել այդ վնասը։ Կատարվածը սարսափելի է, գուցե անգամ աններելի»,- ասաց իրավապաշտպանը։
Արաքսյա Սնխչյան