2019թ. վերջին օրը հայտնի դարձավ, որ հաջորդող տարում «Գազպրոմը» կշարունակի բնական գազ մատակարարել Հայաստանին նախկին պայմաններով:
Ինչպես հաղորդել է ռուսական ընկերության մամուլի ծառայությունը, այդ մասին նշված է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրված ռուսական «կապույտ վառելիքի» մատակարարման պայմանագրի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրում: Նման դեպքում Հայաստանի համար գազի գինը (հայ-վրացական սահմանին) կմնա 165 դոլար հազար խորանարդ մետրի համար:
Ի դեպ, ներկայումս գազի գինը Հայաստանի համար էականորեն ցածր է, քան ռուսական գազի մյուս գնորդների համար, բացի Բելառուսից:
Ամբողջ անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանից գազի ներկրման սակագների հնարավոր թանկացման հարցը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկն էր: Ընդ որում շատ փորձագետներ և վերծուլաբաններ կանխատեսում էին, որ գազի գինը պարտադիր կերպով կբարձրանա: Հարցը զուտ նրանում էր, թե քանի տոկոսով` 10, 20, թե 30:
Նման կանխատեսումները հիմնվում էին այն բանի վրա, որ Մոսկվան ենթադրաբար այնքան էլ գոհ չէ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանից և հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակից, այդ պատճառով էլ կօգտագործի գազի գործոնը հայկական ներկա ղեկավարության նկատմամբ ճնշում գործադրելու համար:
Հետխորհրդային շրջանում գազի գնի հարցը Ռուսաստանի համար, անխոս, ճնշման աշխարհաքաղաքական գործոն է Եվրոպայի և Խորհրդային Միության նախկին հանրապետությունների հետ փոխհարաբերություններում:
Սակայն, ինչ վերաբերում է Հայաստանին, ինչպես երևում է, Ռուսաստանը չի օգտագործում «գազային լծակները»: Հայտնի է, որ Մոսկվան մոնոպոլ է սեփական էներգառեսուրսներ չունեցող Հայաստանի գազային շուկայում (95%): Եվ բնական է, որ այդ վառելիքի գնի թանկացումը կհանգեցնի երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման: Նաև հասկանալի է, որ նման իրավիճակում Փաշինյանը և իր թիմը միանշանակ չեն կարողանա իրականացնել տնտեսական բարեփոխումներ կատարելու և բնակչության կենսամակարդակը բարձրացնելու իրենց խոստումները: Դա լավագույն դեպքում: Վատագույն տարբերակի դեպքում կարող է լրջորեն անկում ապրել Վարչապետի վարկանիշը` իրենից բխող հետևանքներով:
Ակնհայտ է, որ Մոսկվայի համար այսօր շահեկան չէ Հայաստանի նման մռայլ հեռանկարը: Անցյալ տարվա աշնանը Հայաստանի Վարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գազի հարցի քննարկումների արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ սակագները պետք է այնպիսին լինեն, որ հարված չհասցնեն Հայաստանի տնտեսությանը:
Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի նման բարյացակամ վերաբերմունքը կարելի է բացատրել նրանով, որ ռազմավարական հարցերում պաշտոնական Երևանը լիովին կատարում է իր պարտավորությունները որպես Ռուսաստանի դաշնակից և որպես անդամ Մոսկվայի հովանու ներքո գործող ինտեգրացիոն այնպիսի միավորումներում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգությանպայմանագրի կազմակերպությունը: Նման դեպքում կարելի է հաստատել, որ Մոսկվան իր ռազմավարական դաշնակցին տրամադրում է լրջագույն տնտեսական նախապատվություններ: