Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում: Այնտեղ նա հանդիպում է ունեցել իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության մարտահրավերների շուրջ:
«Նախարարները կարևորել են համագործակցության զարգացումը տարածաշրջանում անվտանգության ամրապնդման հարցում և պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը նոր ուղղություններով»:
Ակնհայտ է, որ Վրաստանի և Հայաստանի պաշտպանական համագործակցությունն առաջնային նշանակություն ունի երկու երկրների համար։ Դա, անշուշտ, բացատրվում է աշխարհաքաղաքական և ռազմավարական գործոններով։
Հայտնի է, որ Հարավային Կովկասում անվտանգության համակարգի ստեղծման վերաբերյալ երկու հարևան պետությունները տարբեր մոտեցումներ և պատկերացումներ ունեն։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Բացի այդ, Երևանն ու Մոսկվան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են։ Հայաստանի տարածքում տեղակայված է 102 -րդ ռուսական ռազմաբազան։
Այն դեպքում, երբ տարածաշրջանում Վրաստանի հիմնական գործընկերներն են Ադրբեջանն ու Թուրքիան, որոնց հետ սերտորեն համագործակցում է մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում։ Բաքվի և Անկարայի համար Հայաստանը համարվում է հակառակորդ։
Միևնույն ժամանակ Թբիլիսին Մոսկվային դիտարկում է որպես իր ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք։ Վրաստանը ձգտում է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, ինչը լրջորեն անհանգստացնում է Մոսկվային։
Այս ենթատեքստում Հայաստանը և Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ են կառուցում Հարավային Կովկասի անվտանգության ապահովման նպատակներով, իսկ նրանց բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ պաշտպանական ոլորտում երբեք միմյանց շահերի դեմ քայլեր չեն ձեռնարկի։
Ինչ վերաբերում է Վրաստանի և Հայաստանի համագործակցությանը պաշտպանության ոլորտում, ապա այն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝ փորձի փոխանակում ռազմավարական պլանավորման և խաղաղապահության, մասնագիտացված պատրաստության, ռազմական կրթության, բժշկության և ռազմական ոստիկանության ոլորտներում: Պարբերաբար անց են կացվում բարձր մակարդակի փոխայցելությունները։
Հատկանշական է նաև, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցող ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է։ Խոսքը «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի մասին է։
Հաշվի առնելով Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Թբիլիսիի մեծ ցանկությունը՝ երկրների միջև ռազմական կապերը զարգանում են նաև այս ուղղությամբ։ Ճիշտ է, հասկանալի պատճառներով Երևանը ձեռնպահ է մնում «Ատլանտյան» գործընթացներին չափից դուրս ներգրավվելուց։