Հոկտեմբերի 29-ին Հայաստանում աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նոյեմբերի 4-5-ը Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը աշխատանքային այց կկատարի Երևան` մասնակցելու ՀԱՊԿ Խորհրդարանական Ասամբլեայի Խորհրդի հերթական նիստին և ՀԱՊԿ Խորհրդարանական Ասամբլեայի 12-րդ լիագումար նիստին: Իսկ արդեն նոյեմբերի 11-12-ը կկայանա Արտգործնախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը:
Հայաստանի նկատմամբ նման ուշադրությունը լիովին հասկանալի է: Ըստ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի` «բազմաթիվ գործոններ ապացուցում են երկու պետությունների միջև հարաբերությունների հատուկ դաշնակցային բնույթը»: Ակնհայտ է, որ Մոսկվան ցանկանում է խորացնել հարաբերությունները Անդրկովկասում իր միակ ռազմավարական դաշնակցի հետ տարբեր ուղղություններով` ռազմաքաղաքական համագործակցություն, միջխորհրդարանական կապեր, արտաքին քաղաքական օրակարգ: Նման ցանկությունն, անխոս, փոխադարձ է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթությունն են:
Եվ ընդհանրապես, «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի խնդիր և ոչ մի ուղղությամբ»: Այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ խնդիրներ ի հայտ գալիս են:
Անխոս Վլադիմիր Պուտինի համար ավելի հեշտ էր շփվել նախկին Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի քաղաքականությունը ավելի քան կանխատեսելի էր. իր կառավարման 10 տարիների ընթացքում նախկին Նախագահն, ըստ էության, այնպիսի քայլեր չի ձեռնարկել, որոնք դուր չէին գա «ավագ եղբորը»:
Մտավոր առումով ռուսական և նախկին հայկական տնտեսական և քաղաքական էլիտաները միմյանցից շատ չէին տարբերվում: Ռազմավարական հարցերում ներկա Հայաստանը, անխոս, ևս ընդունում է Ռուսաստանի հետ համաձայնեցված գործողությունները: Այնուամենայնիվ աշխարհաքաղաքականությանը և ռազմատեխնիկական ոլորտին վերաբերող հարցերում Վարչապետը դրսևորում է իր ինքնուրույնությունն ու անկախությունը: Օրինակ, ռուսական այնպիսի խոշոր կազմակերպություններում, ինչպիսիք են «Գազպրոմ Արմենիա»-ն և «Հարավկովկասյան Երկաթուղի»-ն, ՀՀ Պետեկամուտների կոմիտեն արձանագրում է առանձնապես խոշոր չափերի խախտումներ և հարկերից խուսափելու դեպքեր, ինչը չէր կարող լինել նախկին իշխանությունների դեպքում: Կամ, օրինակ, նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը: Չնայած ՌԴ Նախագահ Վ. Պուտինը մշտապես ընդգծում է իր հատուկ վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ և դիմում Փաշինյանին` Քոչարյանին ազատ արձակելու համար, այնուամենայնիվ դրական արձագանք ադպես էլ չի հետևում այդ ամենին:
Այս ամենից դատելով` կարելի է եզրակացնել, որ Մոսկվան ձգտում է հարմարվել ներկա իրավիճակին և լինել պրագմատիկ: Ինչպես ասել է նախկին ռուս քաղաքական գործիչը, ով ներկայումս վերլուծաբան է, «Հայ-ռուսական հարաբերություններում ավելի քիչ է պաթոսը և ավելի շատ իրականությունը»: