ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, 73-րդ նստաշրջանի շրջանակներում, բանաձև է ընդունել, որում ճանաչում է վրացի բոլոր փախստականների և ներքին տեղահանված անձանց՝ Աբխազիա և Հարավային Օսիա վերադառնալու իրավունքը:
Բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասաբլեայում առաջ է քաշվել 2008 թ-ից և հաստատվել միայն այս տարի։
Փաստաթուղթը ներկայացվել է 45 երկրների անունից։ Բանաձևի հիմնական հեղինակը Վրաստանն է։
Հետաքրքրություն է առաջացնում այն փաստը, որ 11 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել այս բանաձևի քվեարկությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը նախորդ բոլոր տարիներին դեմ է քվեարկել այս բանաձևին։ Ըստ էության՝ Երևանի նման քվեարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավոր են որոշակի նմանություններ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և ադրբեջանցի փախստականների հիմնախնդրի հետ։
Վրաստանի հասարակական ու քաղաքական շրջանակների կողմից Հայաստանի այս քայլը դրական արձագանք է ստացել։
Երևանյան փորձագիտական շրջանակներում այս հարցի վերաբերյալ տարբեր վարկածներ կան։ Որոշ փորձագետներ կարծում են, որ այս քվեարկությունը վճռորոշ քայլ է երկու երկրների միջև վստահությունը վերականգնելու առումով: Մյուս տեսակետն այն է, որ, հնարավոր է՝ սա Հայաստանի փոխզիջումն է տարածաշրջանային կարևոր հարևանին և միաժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկության գործընթացում ճկուն քայլ է։
Կարծիք կա նաև, որ հարևան երկու երկրները ՛՛պայմանավորվել են միջազգային հարթակներում միմյանց դեմ քվեարկելուց հրաժարվելու մասին”: Ամենայն հավանականությամբ, վերջին տարբերակը ավելի ճշմարտանման է։
Անցյալ տարի հուլիսին Հայաստանը ՄԱԿ-ում հերթական անգամ դեմ հանդես եկավ Վրաստանի նախաձեռնած բանաձևերին, որոնցով նախատեսում էր փախստականների վերադարձ Աբխազիա և Հարավային Օսիա:
Դրանից անմիջապես հետո վրացական “Առաջին ալիքի” լրագրողը դիմել էր Հայաստանի ԱԳՆ այն ժամանակվա մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին՝ հետևյալ հարցով ՛՛Արդյո՞ք Հայաստանը չի կարող ձեռնպահ մնալ այս քվեարկության ժամանան, քանի որ Վրաստանը այս հարցում շատ զգայուն է՛՛։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել էր.
՛՛Մենք, ամենաբարձր մակարդակով, Վրաստանի մեր պաշտոնակիցներին առաջարկել ենք, որ կարող ենք ձեռնպահ մնալ Վրաստանի և Հայաստանի շահերին հակասող բանաձևերի քվեարկությունից։ Վրացական կողմը պատասխանել է, որ չի կարող դա անել”։
Ըստ երևույթին՝ այսօր պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ լրջորեն փոխվել է։ Այդ պատճառով կարելի է ակնկալել, որ նույն ՄԱԿ-ում Հայաստանի հետ կապված զգայուն հարցերի վերաբերյալ քվեարկության ժամանակ Վրաստանը նույնպես չեզոքություն կպահպանի։