Նախորդ տարվա համեմատ Դիլիջանում այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելացել է։ Քաղաք հանգստանալու են գալիս հիմնականում ռուս զբոսաշրջիկներ, որոնց թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում փաստեցին Դիլիջան համայնքի բնակիչները։
Նրանք ասում են՝ թեև քաղաքում բազմաթիվ հանգստյան տներ են գործում, և սեզոնին աշխատանքը եռում է, բայց շատերի զբաղվածության հարցը դեռ լուծված չէ։
«Մենք տարիքով ենք, որտեղ գնում ենք, ասում են՝ գործ չկա։ Մեծ պահանջարկ կա հատկապես ափսե լվացողի։ Գործարան պետք է լինի, որ տղամարդիկ գնան աշխատեն»,- նկատեցին մեր զրուցակիցները։
Դիլիջանցիների հետ նաև զրուցել ենք հայ-թուրքական հարաբերությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մասին։ Դիլիջանի բնակիչներից մեկը նշեց, որ հնարավոր չէ Թուրքիայից դրական ազդակներ ստանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, քանի որ այդ երկիրը Հայաստանի ոչնչացման քաղաքականությունն է վարում։
«Այդքան խոսում են ապաշրջափակումից, բայց դա Նախիջևանի և Ադրբեջանի զարգացման ծրագիրն է։ Ոչ մի հայ վարորդ ռիսկ չի անի այդ ճանապարհով երթևեկել»,- ասաց Դիլիջանի բնակիչը։
Մեզ հանդիպած քաղաքացիներից որոշները լավատես են, որ ՀՀ-ն ապագա ունի, ոմանք էլ թերահավատ են մեր երկրի ապագայի նկատմամբ։
Ի դեպ, հանդիպեցինք Հադրութից Դիլիջան տեղափոխված մի քաղաքացու հետ։ Վերջինիս որդին զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում, իսկ ինքը նույնսիկ թոշակ չի կարողանում ստանալ, որպեսզի երեք թոռների կարիքները հոգա։
Մանրամասները՝ տեսանյութում։