Armenia Today-ն արդեն անդրադարձել է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նախագծին, որի համաձայն՝ գործատուն կարող է ազատել աշխատակցին, եթե նա 14 օրը մեկ չներկայացնի ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ Բացառություն կկազմեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող փաստաթուղթը, հղիությունը կամ բժշկական հստակ հակացուցումները։
Փորձագետների կարծիքով՝ Արդարադատության նախարարության մշակած այս նախագիծը մի շարք անհամապատասխանություններ ունի։ Սակայն «Հանրային ծառայության մասին» օրենքով կարգավորվող նոր պահանջը չի տարածվում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վրա։ Այս մասին Armenia Today-ը զրուցել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։
Ըստ իրավապաշտպանի՝ առաջին հայացքից այս տարօրինակ կարգավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախատեսված է որոշ պաշտոնատար անձանց պաշտոնից չազատվելու համար երաշխիքներ ստեղծելու համար։
«Այսինքն՝ մենք ունենք որոշակի պաշտոնատար անձինք, որոնց հնարավոր չէ նոր կարգով պաշտոնից ազատել»,- ասաց Մելիքյանը։
Նա կարծում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքին ենթարկվողների ցուցակը մատնում է իշխանությունների իրական մտադրությունը։
«Եթե այդ ցուցակում ներգրավված լինեին օրենսդիր իշխանությունը, դատական մարմինները, երկրի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ապա օրենքը տրամաբանություն կունենար, բայց ցանկում վարչապետն է, նախարարներն են՝ իրենց տեղակալներով»,- նշեց իրավապաշտպանը։
«Տրամաբանությունը, որը դրված է տարբերակման հիմքում, կամայական է։ Այն կամայական չէր լինի և խտրականության չէր վերածվի, եթե հիմքում դրված լիներ իշխանությունների տարանջատման տրամաբանությունը»,- ասաց Մելիքյանն ու հավելեց, որ սա խտրականություն է, քանի որ առկա է չհիմնավորված տարբերակում։
«Ամեն տարբերակում խտրական չէ, խտրական է այն տարբերակումը, որի հիմնավորումն ընկալելի կամ օբյեկտիվ չէ»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է բուն սահմանափակումներին, ապա իրավապաշտպանի կարծիքով՝ մարդու իրավունքների լրջագույն խնդիր կա, քանի որ անհամաչափ միջամտություն է կատարվում մարդու անձեռնմխելիության իրավունքին։ Չէ՞ որ, մարդն է իր մարմնի տերը, մարդն է որոշում, թե ինչ պատվատումների ենթարկվի կամ չենթարկվի։
Խոսելով պատվաստանյութերի հանդեպ անվստահության մասին՝ իրավապաշտպանը նշեց․
«Լավ կլիներ, որ մենք համոզիչ փաստարկներ ունենայինք, քանի որ տարբեր պատվաստանյութերի մասին տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնց համոզիչ պատասխաններ չկան։ Մենք տեսնում ենք բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ պատվաստվելուց հետո էլ են վարակվում։ Մեծ հաշվով, համաձայն եմ իմ այն գործըկերների հետ, որոնք կարծում են, որ գործ ունենք գիտափորձի հետ։ Այդ պատվաստանյութերը չեն անցել և չէին էլ կարող անցնել փորձարկման անհրաժեշտ շրջանը, որպեսզի համարվեն անվտանգ»։
Այդպիսի գործիքներ կիրառելով, ըստ Ռուբեն Մելիքյանի, պետությունը սահմանադրական արժեքներին է միջամտում։ Նա հուսով է, որ այս հարցն անպայման կբարձրացվի Սահմանադրական դատարանում։
Արաքսյա Սնխչյան