Պատվաստումների մասին ոչ հավաստի լուրերի տարածումը կարող է երկարացնել կորոնավիրուսի համաճարակը, գերմանական Suddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը: Նա նաև կրկին հերքել է պանդեմիային իբր իր մասնակցության մասին հրապարակումները:
«Սա մեծ մարտահրավեր է, երբ մարդիկ փնտրում են պարզ լուծումներ։ Նրանք հարց են տալիս իրենց՝ արդյո՞ք որևէ մեկը կանգնած չէ դրա հետևում»,- ասել է նա։
Գործարարը նշել է, որ իր հիմնադրամն արդեն հանդիպել է պատվաստանյութի հանդեպ մարդկանց անվստահությանը։
«Պոլիոմիելիտի դեմ պայքարի ժամանակ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Պակիստանը կամ Նիգերիան, պատվաստանյութի մասին լուրեր էին պտտվում, որ այն անվտանգ չէ և հանգեցնում է կանանց անպտղության»,- հավելել է Գեյթսը:
Նրա խոսքերով ՝ նման մոլորությունների դեմ պայքարելու համար պետք է դիմել ազդեցիկ մարդկանց, հասարակության ներկայացուցիչներին կամ մեծ հեղինակություն վայելող կրոնական առաջնորդներին։ Նրա կարծիքով ՝ միայն նրանք կարող են բացատրել բնակչությանը պատվաստանյութի առավելությունները։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի բռնկումից ի վեր սոցցանցերում տարածվել են լուրեր այն մասին, թե իբր միլիարդատերը մասնակից է պանդեմիային: Որոշ ԶԼՄ-ներ գրել են, որ մարդկանց հետևելու համար Գեյթսը զանգվածային պատվաստումների միջոցով չիպավորում է բնակչությանը։
Գեյթսը նշել է, որ դավադրության մեջ իր մասնակցության շուրջ տեսությունները չափազանց անհեթեթ են, որպեսզի դրանց լուրջ պատասխան տա: