Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունները: Դրանք տեղի կունենան մինչև մարտի 16-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 505 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 475-ը: Երկրում առկա համավարակով պայմանավորված՝ ամեն օր քննություններին մասնակցում է առավելագույնը 15-16 հավակնորդ: Հանձնաժողովում ընդգրկված է 7 անդամ. 3-ը՝ ԿԳՄՍ նախարարության, 2-ը՝ գիտական կազմակերպության և 2-ը՝ քաղաքապետարանի կամ մարզպետարանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կազմվում է քննությունից առնվազն 24 ժամ առաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:
Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր (թեստային) և բանավոր (հարցազրույց): Մեզ հետ զրույցում հավակնորդ, Հրազդանի Պ. Սևակի անվան N 8 հիմնական դպրոցի տնօրեն Գևորգ Գրիգորյանը նշեց, որ քննություններն անցնում են հանգիստ մթնոլորտում:
«Որպես գործող տնօրեն՝ հավաստագրման քննություններին մասնակցում եմ արդեն երրորդ անգամ: Այս տարի թեստավորումն ամբողջությամբ էլեկտրոնային է, ինչը շատ հարմար է, քանի որ անմիջապես իմանում ես քննության արդյունքը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը մեր դարաշրջանում իրապես ժամանակի հրամայական է: Հարցաշարը, որը ներառում է կրթության բնագավառի օրենսդրություն, ինչպես նաև կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում, միջին բարդության է, և այն հանձնելու համար բավականին մեծ աշխատանք էր պահանջվում»,- շեշտում է Գևորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ հավաստագրման քննությունները, անկասկած, ավելացնում են հավակնորդի գիտելիքները, սակայն գործող տնօրենի պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա աշխատանքային փորձը:
«Որպես գործող տնօրեն՝ կցանկանայի, որ հաշվի առնվեին և գնահատվեին նաև մեր աշխատանքային գործունեությունը և դրա արդյունավետությունը: Նրանց պարագայում, որոնք առաջին անգամ են մասնակցում հավաստագրման քննություններին և հավակնում տնօրենի թափուր պաշտոնին, այս գործընթացը գիտելիքի և հմտությունների ստուգման համար բավարար է»,- վստահեցնում է գործող տնօրենը:
Գևորգ Գրիգորյանի կարծիքը կիսում է նաև Վայոց ձորի Հերմոնի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Մնացականյանը, որը ևս մասնակցում է հավաստագրման քննություններին: Նրա համոզմամբ՝ գործող տնօրենների աշխատանքային գործունեությունը պետք է որևէ կերպ արտացոլվի հավաստագրման քննությունների ընթացքում:
Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդները հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ստանում: Հանձնաժողովը յուրաքանչյուր հավակնորդի ներկայությամբ համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձևավորում է 5 հարցից բաղկացած հարցատոմս: Մեզ հետ զրույցում հարցազրույցի փուլը հաղթահարած Երևանի թիվ 198 դպրոցի ուսմասվար Սարգիս Խաչատրյանը նշեց, որ այն անցել է դրական մթնոլորտում: