ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Վանաձորի «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Եկեք խաղանք հայերեն» ծրագրի շրջանակում ստեղծվել են «Հայկական ավանդական խաղերի» և «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» խորագրերով էլեկտրոնային շտեմարաններ, ինչպես նաև հայկական ուտեստների վերաբերյալ 10 վարպետաց տեսադասեր: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
«Տեղեկատվական շտեմարանների և հայկական ավանդական կերակրատեսակների վարպետաց տեսադասերի նկարահանումների նպատակը ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 10 համայնքների (Ճոճկան, Շամուտ, Չկալով, Շնող, Դսեղ, Արևածագ, Կաճաճուտ, Աքորի, Մղարթ, Օձուն) խաղերինև ուտեստներին վերաբերող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումն է:
Ծրագրի արդյունքում ստեղծված հայկական ավանդական խաղերի շտեմարանը կարևոր տեղեկություններ է ներառում հայկական ավանդական և արդեն իսկ մոռացության մատնված բազմաթիվ խաղերի մասին: Ծրագրի աշխատակազմն արդեն իսկ սկսել է հայկական ավանդական որոշ խաղեր ներկայացնել կազմակերպության շահառուներին՝ դրանց գործնական կիրառության և գովազդման միջոցով: Այդ խաղերից են՝ հոլը, յոթ քարը, քարկտիկը, հավալան և այլն:
Հայկական ավանդական խաղերի շտեմարանը հասանելի է առցանց հարթակում՝ «ՀԿ Կենտրոնի» կայքէջում, ֆեյսբուքյան էջում և հղմամբ:
«Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» ՀՀ Լոռու մարզի շտեմարանը կազմվել է դաշտային աշխատանքների, առկա գրականության և տարբեր աղբյուրների ուսումնասիրության ու հայկական խոհանոցի վարպետների հետ հարցազրույցների արդյունքում: Հասանելի է հետևյալ հղմամբ:
Վարպետաց տեսադասերի ընթացքում նկարահանվել են Լոռվա մարզում տարածված և կիրառվող ավանդական (փոխինձ, ավելուկով ապուր և աղցան, լոբիով դդմապուր, աղցան բազուկի տերևներով, զիմելով աղցան, բալդրղանի թթու, շուշանի թթու, դանդուռով թթու, փիփերթով ապուր, կարտոֆիլով աղցան, կիրկաշ, հոնի փշեջուր, արիշտա, կոնչոլ, յեղուճիլ/յեղուշոր) և հեղինակային կերակրատեսակների (օձունյան զիբեթ, դդմիկաբլիթով տորթ, ածիկով կոտլետ, բանջարով և սնկով կոլոլակ, թելուկով ձվածեղ և այլն) մասին պատմող հոլովակներ:
Դրանք ևս հասանելի են առցանց տիրույթում՝ «ՀԿ Կենտրոնի» Youtube-յան ալիքում:
Հայկական խաղերը և ազգային խոհանոցը ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից են, որոնք պետք է պահպանել և փոխանցել գալիք սերունդներին»,-ասված է հաղորդագրության մեջ: