Փետրվարի 9-ից մեկնարկում է «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի հեռարձակումը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը պատրաստել է «Դասարան+Դասական» կրթական ծրագրի մարզային տարբերակը՝ առցանց ձևաչափով։
Ծրագրի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ մարզերի և Արցախի թատրոններին:
«Դասարան+Դասական» կրթամշակութային ծրագիրը համակողմանի և ամբողջական, քառամաս պատումի միջոցով ներկայացնում է թատրոններից յուրաքանչյուրը: «Զրույց թատրոնի մասին» շարքը հանդիպում է թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հետ, որի ընթացքում բացահայտվում են թատրոնի առկա մարտահրավերները, ապագա ծրագրերը և հեռանկարները: «Զրույց արտիստի հետ» հատվածը ներկայացնում է թատրոնի դերասաններին: «Հետնաբեմը» բացահայտում է թատրոնի կյանքը վարագույրից այն կողմ՝ բեմն ու դահլիճը, փորձասենյակները, հանդերձարաններն ու զգեստապահարանը։