Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Ա. Դարբինյանի ֆեյսբուքյան էջի փետրվարի 10-ի գրառման մեջ շարունակվել են ԿԳՄՍՆ-ին ուղղված անհիմն մեղադրանքները: Այս մասին հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։
«Այսպես՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ներկայացուցիչներին վերաբերող պնդումների առնչությամբ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից այլ բուհերի թվում աշխատանքային կարգով հայցվել է նաև Հայ-ռուսական համալսարանի կանոնադրությունը, որն, ի դեպ, բացակայում է համալսարանի կայքում:
Բուհը շուրջ երկու տասնամյակ անընդմեջ ղեկավարող Ա. Դարբինյանի գրառման մեջ ԿԳՄՍ նախարարությանը «մեղսագրվող» «ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի հանդեպ հետաքրքրվածությունը» պայմանավորված է ներկայում Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման կառուցակարգերի վերաբերյալ ուսումնասիրմամբ՝ նպատակ ունենալով համադրել տարբեր իրավապայմանագրային ձևերով հիմնված բուհերի համապատասխան կարգավորումները»,-ասված է հայտարարության մեջ։