ԿԳՄՍ նախարարությունում հրավիրվել է ռեկտորների խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էր Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման հարցը:
Նիստին մասնակցել է Հայաստանի պետական բուհերի 13 ռեկտոր, ինչը բավարար էր քվորումի ապահովման համար: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը, որը նիստին ներկա չէր, փոխանցել էր գրավոր առաջարկներ քննարկվող օրինագծի վերաբերյալ:
Նիստին մասնակից բոլոր ռեկտորներն օրինագծի առնչությամբ մի շարք մտահոգություններ են հայտնել, ինչպես նաև ներկայացրել գրավոր առաջարկների փաթեթներ` դրանք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու և նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ քննարկելու նպատակով:
Ռեկտորները մտահոգիչ են համարում նախագծի անցումային դրույթներով սահմանված 2022-24 թվականներին ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման պահանջը` նշելով, որ բուհերի բյուջեներն այդ դեպքում կարող են ունենալ ֆինանսական ճեղքվածք` հաշվի առնելով, որ հավատարմագրումը ենթադրում է տևական գործընթաց և վճարումների կատարում:
Բանն այն է, որ նախագծով ընդհուպ մինչև գործունեության լիցենզիայի դադարեցման խնդիր է դրվում, եթե բուհը նշված ժամկետներում հավատարմագրում չի անցնում: Բացի դրանից` օրինագծով առաջարկվող որոշ ձևակերպումներ բուհերի համար կարող են առաջացնել հարկային պարտավորությունների կատարման խնդիրներ` հավելյալ հարկային բեռի ռիսկ հարուցելով:
Ռեկտորներից շատերի կարծիքով` օրինագիծը՝ որպես ոլորտը կարգավորող հիմնարար իրավական ակտ, բավականին մեծ թվով բացառություններ է սահմանել, ինչը հակասում է ոլորտի միասնական կարգավորման տրամաբանությանը և խնդրահարույց է համընդհանուր օրինաչափության և բուհերի հանդեպ խտրական մոտեցման տեսանկյունից:
Խնդիրներ կան նաև մասնագիտական տերմինների սահմանման, ընդհանրապես նախագծի լեզվական և ոճական շարադրանքի հետ կապված: