ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Գործող կարգով սահմանված չեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության հետ կապված անհրաժեշտ ուսումնաօժանդակ անձնակազմի հստակ ձևակերպումը և պահպանման ծախսերի հաշվարկը: Բացակայում է նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման կարգը:
Նախագծի նպատակը
Նախագծի համաձայն՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման ավելացում է նախատեսվում: Կարգի փոփոխության նպատակն է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում բարձրացնել մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման մատչելիությունը: Ըստ այդմ՝ կարգում կատարված փոփոխությունը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնել կրթությանն աջակցող մանկավարժական և հոգեբանական ծառայությունները, մասնավորապես տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն ցուցաբերել ամրացված տարածքի յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում սովորող երեխաներին, ծնողներին և մանկավարժական աշխատողներին:
Նախագծի ընդունումը նպատակ ունի նաև շարունակական աջակցություն տրամադրել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ համաձայն անհատական ուսուցման պլաններով սահմանված աջակցության ժամանակցույցի և ծավալի, որի ընթացքում անհատական ուսուցման պլանով աշխատելու գործընթացից սահուն տեղափոխում կապահովվի դեպի հանրակրթական ուսումնական պլանով ուսուցում և հակառակը: