Ի՞նչ հնարամտությունների են դիմում դիմորդները ընդունելության քննություններին բարձր բալեր ստանալու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում զավեշտալի դրվագ ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Ըստ վերջինիս՝ երեխաները երբեմն իրենց հետ բերում են մի քանի հեռախոս, մեկը հանձնում, իսկ մյուսները պահում իրենց մոտ՝ հետագայում օգտվելու համար։ Այնուամենայնիվ, քննական հանձնաժողովի անդամների աչքից շատ բան չի սպրդում։
«Հենց մտնում ենք քննասենյակ, արդեն գիտենք՝ ով է գրելու, ով՝ ոչ։ Աշխատելու ժամանակ կան դիմորդներ, որոնք թեստը չեն էլ բացում։ Տվյալ անձինք թիրախավորված են և ռիսկի տակ»,- ասաց Նասիբյանը՝ նշելով, որ շատ դժվար է որևէ դիմորդի հանել քննասենյակից, բայց անհրաժեշտության դեպքում դրան էլ են գնում։
Հիշեցնենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի միասնական քննությունների օրերը:
Կենսաբանություն, Աշխարհագրություն և Համաշխարհային պատմություն առարկաների քննությունը տեղի է ունենալու հունիսի 8-ին:
«Օտար լեզուները՝ հունիսի 11-ին, Հայոց լեզու և հայ գրականությունը՝ հունիսի 15-ին, Մաթեմատիկան՝ հունիսի 18-ին, Հայոց պատմությունն ու Ֆիզիկան՝ հունիսի 22-ին և Քիմիան ու Ռուսաց լեզուն՝ հունիսի 25-ին»,-նշում են ԳԹԿ-ից: