Այս տարի ընդունելության քննություններում հայոց լեզվի գնահատականները ցածր չէին։ Քննությունների առաջին փուլի արդյունքների համաձայն՝ դիմորդներն ապահովել են միջին միավոր, ինչպես նախորդ տարիներին էր: Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
«Ցածր են լինում բոլոր քննությունների գնահատականները, որոնք կազմակերպվում են լրացուցիչ՝ երկրորդ փուլում։ Փորձը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում քննություն անցնողների կամ կեսը կամ 2/3-ը ստանում են անբավարար գնահատականներ»,- նկատեց Կարո Նասիբյանը։
«Տարիներ շարունակ օտար լեզվից միշտ ավելի բարձր են ստանում, քան Հայոց լեզվից։ Այս տարի բարձր ստացան նաև Հայոց պատմությունից: Անգլերենի և Հայոց պատմության միջին միավորները համարյա հավասարվեցին։ Միայն պատմությունից 135 հոգի 20 են ստացել: Դա ես բացատրում եմ նրանով, որ թեստերը թույլ էին: 4 տարի շտեմարանները չեն փոխվել, երիտասարդների համար դժվար չէ 4 շտեմարան անգիր անել»,- նկատեց Նասիբյանը։
Ասուլիսի ժամանակ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը անդրադարձավ նաև նրան, որ դիմորդների մոտ հայտնաբերվում են հեռախոսներ, էլեկտրոնային այլ սարքեր, որոնք ամրացված են լինում մարմնի տարբեր մասերին:
«Իրենք երբեմն նույնիսկ այդ սարքերը վարձով են վերցնում: Համապատասխան գումարը մուծում են 1-2 օրով օգտագործելու համար: Նման դեպքերը նախկինում ավելի շատ էին: Նախկինում լինում էր, որ դիմորդը քննական կենտրոն գալիս էր 3 հեռախոսով. Մեկը հանձնում էր, երկրորդը իբր հայնաբերում էինք մենք, մտքովդ չէր անցնում, որ կարող է ունենալ 3 կամ 4 հեռախոս: Հիմա այդ դեպքերը քչացել են, կարծում եմ՝ անցել են ավելի բարձր տեխնոլոգիաների»,- նշեց Նասիբյանը:
Նասիբյանը նաև նկատեց, որ վերջին քննությունների ժամանակ հայտնաբերել են մի նոր միտում, երբ դիմորդները ստանում են SMS-ներ այս կամ այն գնահատականով, բայց իրականում դա ոչ մի կապ չունի ԳԹԿ գնահատականի հետ: