Հայաստանի դպրոցներ այս տարի կհաճախի մոտ 37 հազար առաջին դասարանցի: Այս մասին օգոստոսի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ այս ցուցանիշը կայուն պահպանվում է վերջին մի քանի տարիների ընթացքում: Առաջին դասարանցիներն անցել են գրանցման առաջին փուլը, իսկ երկրորդ փուլի ընթացքում ծնողները պետք է պայմանագրեր կնքեն դպրոցի տնօրինության հետ:
Նախարարի տեղակալը նաև ասաց, որ նոր ուսումնական տարվանից դպրոցական սննդի ծրագիրը կկիրառվի տարրական դասարանների աշակերտների համար: Նախկինում օգտագործվում էր մի համակարգ, որի համաձայն՝ դպրոցական սնունդն առաքվում էր դասարաններ, այժմ տարրական դասարանների աշակերտների համար սննդի կետերը բաց կլինեն: