Այսօր՝ հունիսի 1-ին, ամռան առաջին օրը նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը (International Children’ s Day):
Դա ամենահին միջազգային տոներից մեկն է, որի անցկացման մասին որոշումն ընդունվել է Ժնևում 1925 թվականին՝ երեխաների բարեկեցության հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովի ընթացքում: Հայտնի չէ, թե ինչու հենց հունիսի 1-ին որոշվեց նշել այդ տոնը։ Վարկածներից մեկի համաձայն՝ Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը 1925 թվականի հունիսի 1-ին մի խումբ չինացի որբ երեխաների էր հավաքել՝ նրանց համար վիշապ-նավակների փառատոն կազմակերպելով (Դուան-ու Ցզե): Երջանիկ պատահականությամբ այս օրը համընկավ նաև Ժնևում անցկացվող «մանկական» համաժողովի հետ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ բարեկեցության և առողջության ու երեխաների պաշտպանության հարցն արդիական դարձավ ինչպես երբեք, Փարիզում 1949 թվականին անցկացրեցին կանանց կոնգրեսը, որտեղ հնչեց երկիր մոլորակի վրա ամուր խաղաղություն ապահովելու համար անխոնջ պայքարի երդումը՝ որպես երեխաների երջանկության և բարեկեցության միակ երաշխիք:
Նույն թվականին Մոսկվայում կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի խորհրդի նստաշրջանում, 2-րդ կոնգրեսի որոշումներին համապատասխան, սահմանվել է երեխաների պաշտպանության միջազգային օր: Իսկ մեկ տարի անց՝ 1950 թվականի հունիսի 1-ին, նշվեց Երեխաների պաշտպանության առաջին միջազգային օրը։ Դրանից հետո տոնը անցկացվում է ամեն տարի։
ԽՍՀՄ գոյության ընթացքում դպրոցներում հունիսի 1-ից սկսվում էին ամառային արձակուրդները: Միջազգային օրը անցկացվել են մանկական գեղարվեստական նոր ֆիլմերի և երեխաների պաշտպանության հեռուստահաղորդումների ցուցադրություններ, կազմակերպվել են մշակութային միջոցառումներ և մարզական մրցումներ: Այսօր այս օրը շատ երկրներում նշվում է նաև մանկական զանգվածային, ժամանցային և մշակութային միջոցառումների անցկացմամբ։ Սակայն երեխաների պաշտպանության օրը ոչ միայն ուրախ տոն է երեխաների համար, այլև հիշեցում է մեծահասակներին, հասարակությանը երեխայի իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության մասին, որպեսզի բոլոր երեխաները երկրի վրա զբաղվեն իրենց սիրած գործով, սովորեն ու մեծանան երջանիկ ու առողջ, որպեսզի ապագայում դառնան իրենց երկրի արժանի քաղաքացիներ ու հրաշալի ծնողներ