Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի բազմաբնակարան 3 շենքի տանիք և 13 մուտք: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 93 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 60 միլիոն 450 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 32 միլիոն 554 հազար դրամը՝ Գավառի քաղաքապետարանը:
Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հավաստմամբ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվեն Ազատության-38, Ազատության-14, Մովսիսյան-1 բազմաբնակարան շենքերի տանիքները և 9 մուտքերը, որոնց կգումարվեն նաև Կաբելագործների-9 շենքի չորս մուտքերը:
«Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Շինարարական աշխատանքները կավարտվեն մեկնարկին հաջորդած յոթ ամիսների ընթացքում: Քաղաքի բազմաբնակարան շենքերի համար լուրջ խնդիր է դարձել տանիքների հիմնանորոգումը, քանի որ դրանց մեծ մասը դեռևս ունեն շիֆերային ծածկեր, որոնք տասնամյակների ընթացքում քայքայվել են՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով առաջին հերթին շենքերի պահպանության համար: Անմխիթար վիճակում են գտնվում նաև բազմաբնակարան շենքերի մուտքերը, որոնք պահանջում են կապիտալ նորոգում՝ նոր դռների և լուսամուտների տեղադրում, ներքին հարդարում, էներգասնուցման հաղորդալարերի մեկուսացում: Տարեցտարի և մի քանի փուլերով կփորձենք ամբողջությամբ կարգավորել հիմնախնդիրը»,-ներկայացրեց Գավառի քաղաքապետը: