Այս պահի դրությամբ շրջանառությունից հանվել է ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի կողմից շրջանառության մեջ դրված խիստ վիճահարույց նախագիծը, որը նախատեսում էր բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20000 դրամ, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար՝ 50000 դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
«Հուսանք՝ սթափ մարդկանց կոչը տեղ է հասել, և նախագիծը այլևս չի վերադառնա օրակարգ: Չենք մոռանում՝ քաղաքացին տուգանքի մատերյալ չէ»,- գրել է Իսայանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովում իշխանության կողմից շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որի համաձայն.
1)բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000 ՀՀ դրամ,
2) փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 ՀՀ դրամ,
3)նույն արարքը կրկին կատարելու դեպքում տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ,
4) տուգանքի բողոքարկման ժամկետը կրճատվում է երկու անգամ` 30-ի փոխարեն դառնալով 15 օր,
5)դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչական կամ դատական կարգով այլևս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն՝ ցանկացած դեպքում լինելու է գումարի բռնագանձում: