«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծերի բովանդակային ու հայեցակարգային շատ դրույթների կապակցությամբ որոշ պատմաբան-գործընկերներ ուղղակի սարսափար են եղել ու նույնիսկ պատրաստվում են դիմել ԱԱԾ: Այս մասին իր Facebook-ի իր էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
Դիմոյանը դիմելով հայ պատմաբանների համայնքին՝ մասնավորապես գրել է. «Առայժմ կասեմ այսքանը. Դու՛ք, տիկնայք և պարոնայք, լռեցիք, երբ Ծիծեռնակաբերդը հանձնեցին նույն թուրքական դրամով ու զանազան ծրագրերով մշակված ՀՀ քաղաքացիներին: Լռեցիք, որովհետև նախընտրեցիք հարմարվողականությունն ու վախը, այլ ոչ թե խիզախությունը՝ ընդունելու սեփական մեղքի բաժինը, այդ նույն մարդկանց օգտին քվեարկելու դրվագով»։
Ըստ Դեմոյանի՝ հենց այդ կրավորական կեցվածքի պատճառով այսօր լուրջ վտանգի տակ է հայտնվում մեր կրթական համակարգն ու մեր ապագան, որպես այդպիսին։
«Վստահ եմ, որ բոլորիդ մասնագիտական հոտառությունն ու գիտելիքները լիուլի բավարար են հասկանալու ու գիտակցելու համար, որ ապրում ենք մեր ազգի ու պետականության թերևս ամենաբախտորոշ ժամանակափուլում»,-նշել է նա։
Պատմական գիտությունների թեկնածուն նշել է նաև, որ մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել, որի հիմնական նպատակը մեր ինքնության ու պատմական հիշողության ձևախեղումն է: «Այս ճակատամարտը տանուլ տվողն էլ է դավաճան հանդիսանալու…»,-նշել է նա։